ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ով տնտեսական զարգացման առումով ամփոփեց 2016 թվականը:

 

-Պարոն Մանասերյան, 2016 թվականը Հայաստանի համար տնտեսական առումով ինչպիսի՞ տարի էր:


-2016 թվականը շատ հակասական միտումներով հարուստ տարի էր և միանշանակ չի կարելի գնահատել: Բավական է նշել, որ ընդհանուր առմամբ 1 տոկոսից ցածր, բայց տնտեսական աճ՝ կլինի: Տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման համապատկերի վրա՝ մենք նաև ունենք արտահանման աճ, որը բավական հուսադրող է: Սա էլ խոսում է իրարամերժ միտումների մասին: Կարծում եմ՝ տնտեսության  զարգացման վրա իրենց հետքը թողել են մի շարք գործոններ, նախ՝ մեր տնտեսական և ներքաղաքական, ինչպես նաև արտաքին տնտեսական ու քաղաքական: Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը էականորեն դանդաղել են և համաշխարհային տնտեսության ուժի կենտրոնների աճի տեմպերն են դանդաղել: Միացյալ նահանգներում փոքր-ինչ աշխուժություն կա, բայց հատկապես Չինաստանում՝ ավելի քիչ է, քան ակնկալվում էր: Նույնը Եվրամիությունում է:

 

Հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր երկրներն ունեցել են և ազգային արժույթների գերարժեզրկում և տնտեսական անկում, որը սկսվել է դեռ 2015 թվականից: Այս ամբողջ պատկերը եթե համեմատենք Հայաստանի հետ, ապա կարող ենք փաստել՝ Հայաստանի ազգային արժույթը կայուն է և միակ արժույթն էր, որ 2015-ին ու 2016-ին պահպանեց իր կայունությունը: Տնտեսության մեջ իրենց ազդեցությունը չէին կարող չթողնել ինչպես ապրիլյան դեպքերը, այնպես էլ ՊՊԾ գնդի գրավման հետ կապված իրադարձությունները: Որևէ երկիր չի կարող խուսափել տնտեսական հետընթացից, եթե երկրում նման իրադարձություններ են տեղի ունենում:

 

Չմոռանանք, որ ՀՀ կառավարությունը փոխվեց: Սա ևս իր հերթին ենթադրում է որոշակի փոփոխություններ տնտեսական քաղաքականության մեջ: Ցանկացած Կառավարություն փորձում է իր ծրագիրն առաջ տանել, իր աշխատաոճը ձևավորել: Այսպիսի պայմաններում չէր կարելի բարձր տնտեսական աճ ակնկալել: Բայց, կարծում եմ, որ կան հուսադրող գործոններ ոչ միայն արտահանման ոլորտում, այլև ծառայությունների ոլորտում: Նույն արտահանման մեջ աճել են դեպի Ռուսաստան արտահանումների ծավալները: Ի դեպ՝ Հայաստանը ԵՏՄ երկրների մեջ միակն է, որն արտահանման աճ է գրանցել: Սրանք, կարծում եմ՝ պետք է 2017 թվականին շարունակվեն:

 

-Իսկ Կառավարության գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք: 


-Կառավարությունից շատ ակնկալիքներ կան իհարկե, բայց, բնականաբար, կարճ ժամանակահատվածում ամեն ինչ միանգամից անել՝ հնարավոր չէ: Շոկային թերապիան, որն անկախության առաջին տարիներին որդեգրվեց, իրեն չարդարացրեց: Ամեն ինչը միանգամից հնարավոր չէ: Կարծում եմ՝ աստիճանաբար, հետևողական քայլեր են պետք, որպեսզի ծրագրերը և առաջնահերթություններն իրականացվեն:  Կառավարության որդեգրած ծրագիրը եթե իրականացվեց, մենք կարող ենք ակնկալել բավական լուրջ առաջընթաց: Չեմ բացառում՝ եթե 2017 թվականը դրական միտումներով բնութագրի, ապա 2018-ին մենք արդեն կարող ենք վերականգնողական աճի բավական բարձր տեմպեր սպասել, անգամ երկնիշ թվով:

 

Քրիստինա Աղալարյան