Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակին գնահատական տալով և այն «ճգնաժամայինության» տեսանկյունից դիտարկելով կարծիք է հայտնում, որ իրականում ճգնաժամը ոչ թե քաղաքական է, այլ մի խումբ մարդկանց ուղեղների մեջ է:

Նման գնահատական Tert.am-ի հետ զրույցում տվեց նա և ավելացրեց, որ վերը նշվածն ասում է առանց որևէ մեկին վիրավորելու ցանկության: «Ուղեղում ճնգաժամ հաճախ է լինում, երբ ցանկությունը և իրականությունը չեն համընկնում, ուղեղում առաջանում է ճգնաժամ»,- ասաց ՀՀԿ –ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկին «Ժառանգության» պատգամավորները և «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ ԱԺ –ն չի կարող անմասն մնալ այն տրամադրություններին, որոնք առկա են ԱԺ պատերից դուրս, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչու Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամի հարցը ներառված չէ ԱԺ օրակարգի նախագծում:

Հանրապետական պատգամավորի խոսքով՝ ընտրության արդյունքների մասին կարել է դատել ընտրության արդյունքներով, որոնք ֆիքսվում են ընտրական տեղամասերում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: «Որևէ ընտրատեղանասում որևէ խախտում արձանագրված չէ, արձանագրությունները ստորագրում են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այդ թվում նաև՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք: Եվ նրանցից որևէ մեկը չի արձանագրել որևէ խախտում, չի ներկայացրել որևէ բողոք»,- փորձեց հիմնավորել հանրապետականը' հավելելով, որ ԿԸՀ-ն ընդամենը հանրագումարի է բերել ներկայացված թվերը:

«Սրանք բոլորը մի կողմ, գալիս են մի խումբ մարդիկ, որոնք գրգռում են հասարակությանը՝ ասելով, որ ընտրությունները արժանահավատ չեն: Չգիտեմ՝ իրենք ո՞րտեղից գիտեն ավելի արժանահավատ տվյալներ, և ուզում են հարցերը բիրտ ուժով լուծել »,-ասաց պատգամավորը, որը գործընթացները ուղղորդողների հետևում չի տեսնում «դրսի ուժերի» որևէ դավադրություն կամ «ագենտուրային գործունեություն»:

«Որովհետև հենց Րաֆֆիի կերպարին ծանոթ լինելով՝ կարող եմ ասել, որ նա խամաճիկ չէ: Իսկ ուղղորդում են կամ փորձում են իրեն շրջապատող մարդիկ, ովքեր չունեն քաղաքական կշիռ և փորձում են ակտիվացնել Րաֆֆիին, որ հետո իրենք փորձեն օգտվել»,-ասաց Մանվել Բադեյանը:

Նշենք, որ հեռուստատեսային բանավեճերից մեկի ժամանակ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պնդումներին, թե իշխող կուսակցության թեկնածուն հաղթել է, պատասխանեց ասելով, որ 37 թվականին ոչ արժանահավատ էր հնչում, թե երկրում անձի պաշտամունք կա կամ՝ ռեպրեսիաներ: «Համեմատել 37 թվի հե՞տ: Ն ույնիսկ էն ժամանակ՝ 37 թվին, ոչ ոք կասկածի տակ չէր դնում ստալինյան բռնապետության լեգիտիմությունը: Էստեղ մենք խոսում ենք լեգիտիմ ընտրությունների մասին, և այդ զուգահեռներ տանելը ամենաքիչը ծիծաղելի է: Ընտրությունը, ի վերջո, ի՞նչ ա. թուղթ են գցում քվեատուփի մեջ, հաշվում են: Հիմա հաշվելու հետևանքով պարզվել ա, որ 861 հազար հոգի իր ձայնը տվել ա Սերժ Սարգյանին, 539 հազարը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին»,- նկատեց պատգամավորը:

Նրա անձնական կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա քաղաքական ուժը չի կարող լինել կառավարության կազմում, քանի որ ասաց. «Ընդդիմությունը կառավարության կազմում չի լինում, այլապես ընտրությունների իմաստը խեղվում է: Կառավարության կազմում լինում է էն քաղաքական ուժը, ով որ հաղթել է ընտրության ժամանակ :Պարտված ուժը չի կարող լինել, բայց նրա առաջ քաշած խնդիրները կառավարությունը պարտավոր է քննարկել և դրանց մի մասին լուծում տալ»:

Ինչ վերաբերում է մարզպետների հրաժարականների շքերթին, ապա դրանք Մանվել Բադեյանը համարում է բավականին տրամաբանական՝ ասելով. «Եթե դու հանրապետական կուսակցության կողմից նշանակված պաշտոնյա ես, և քո պաշտոնավարման ընթացքում չես կարողացել անես ժողովրդի համար էն ամենը, որ նա կողմնակից լինի այս իշխանությանը, նշանակում է՝ քո գործը լավ չես կատարել»:

Հիշեցնենք, որ, հակառակը, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի կողմից կարծիք հնչեց, որ լավ է կատարել, քանի որ ընտրախախտումների չի դիմել և, հետևաբար, պատժվում է լավ աշխատելու համար։ Ի պատասխան՝ Մանվել Բադեյանը մեջբերեց Գեղարքունիքի մարզը, որտեղ թեև Սերժ Սարգսյանը ստացել էր 80 տոկոս, ըստ պատգամավորի՝ «գոնե մեկ հատ ընտրակեղծիք չի արվել»: