Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 5-ին Հալեպում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:«Գանձասար» թերթից տեղեկանում ենք, որ Արամ Առաջինը հալեպահայերին հանդիպել է տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Կաթողիկոսը, դիմելով հավաքվածներին, մասնավորապես ասել է.«Անցնող հինգ տարիների ընթացքում Սիրիայի հայությունը եւ մասնավորապես Հալեպի հայ համայնքը տառապել է եւ ահավոր դժվարությունների դիմաց կանգուն մնացել: Ճիշտ է՝ այդ տարիների ընթացքում ես ձեր կողքին չէի, սակայն վստահեցնում եմ, որ իմ աղոթքներով եւ աշխատանքով ձեր կողքին եմ եղել, դուք իմ կյանքում մնայուն եւ առանցքային տեղ եք զբաղեցնում:

 

Անցնող հինգ տարիների ընթացքում դուք շրջապատված եք եղել ահավոր դժվարություններով: Հաճախ մահն ու սարսափը պատել են ձեր կյանքը, սակայն ձեր քրիստոնեական հավատքի, ամուր կամքի շնորհիվ կանգուն ենք մնացել: Այսօր եկել եմ ձեզ ասելու, որ մենք բոլորս պետք է վերականգնենք եւ վերաշխուժացնենք մեր համայնքային կյանքը:Ճիշտ է՝ անցած հինգ տարիների ընթացքում մեր սիրելի զավակներից մի քանիսը հեռացան, սակայն հալեպահայությունը, ինչպես տեսնում եմ, կանգուն է եւ վերականգնվող ոգով եւ հավատքով պետք է շարունակի իր ազգային, եկեղեցակա կյանքը:

 

Երեկ առիթ եմ ունեցել հանդիպելու Սիրիայի նախագահի հետ: Նախագահը մեծ գնահատականի եւ սիրով է խոսել հալեպահայերի մասին: Նրա կողմից նման մոտեցում եզակի երեւույթ է, իսկ Սիրիայի հայությունն իսկապես արժանի է նման գնահատականի»,- ասել է նա:Եզրափակելով խոսքը՝ Վեհափառ հայրապետն ասել է, որ ամբողջ հայությունն է հաեպահայերի կողքին եւ սիրիահայ համայնքի վերականգնումը համահայկական մտահոգություն է. «Այստեղ ենք եկել ձեզ հայտնելու, որ Կիլիկիո կաթողիկոսությունը ամբողջական նվիրումով հանձն է առնում սիրիահայության վերականգնման անհետաձգելի առաքելությանը»: Սուրբ ծննդին Արամ Առաջինը Հալեպում մատուցելու է սուրբ պատարագ: