Հայ-ադրբեջանական սահմանին դեկտեմբերի 29-ին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն փորձի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի դին դեռ հայկական կողմի մոտ է: Այս մասին այսօր' հունվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Այն տեղեկությունը, որ տիրապետում է գլխավոր շտաբը, ամբողջությամբ հասանելի չէ հասարակության համար: Հասարակությանը տրամադրվում է այն տեղեկությունը, որը գաղտնիություն չի պարունակում: Այն, ինչ դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, մանրամասն վերլուծվել է: Կարող եմ միայն ասել այն, որ հակառակորդը, որն առաջադրանք է կատարել, խոցվել է, եւ այժմ դին մեզ մոտ է: Մնացած տեղեկությունը գաղտնի է, միայն կարող եմ ասել, որ խումբը, որը մեկնել է աջակցելու, բավական հմուտ է գործել եւ հնարավորություն չի տվել հակառակորդին նպատակն իրականացնել»,- ասաց նա: