Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել «արմատական ահաբեկչության» խիստ քննադատությամբ և կոչ է արել աշխարհի բոլոր կրոնական ու քաղաքական առաջնորդներին իրենց ներդրումն ունենալ այդ «մահաբեր անմտության» դեմ պայքարում:

Պապն ասել է, որ այսօր կրոնական փորձը կարող է ժամանակ առ ժամանակ որպես պատրվակ օգտագործվել ճնշման ու բռնության համար: Պոնտիֆիկոսն առաջին հերթին նկատի է ունեցել արմատական ահաբեկչությունը, որն անցյալ տարի մեծաթիվ զոհերի պատճառ է դարձել Աֆղանստանում, Բանգլադեշում, Բելգիայում, Բուրկինա-Ֆասոյում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հորդանանում, Իրաքում, Նիգերիայում, Պակիստանում, ԱՄՆ-ում, Թունիսում և Թուրքիայում: Այս մասին Հռոմի պապը խոսել է Սուրբ Աթոռում հավատարմագրված դեսպանների հետ ամենամյա հանդիպմանը:

Ֆրանցիսկոս պապը հատկապես առանձնացրել է Նիգերիայի դեպքերը, որտեղ ահաբեկիչներն իրենց նպատակների համար օգտագործել են երեխաների, նաև Կահիրեն, որտեղ ահաբեկչությունն իրագործվել է ղպտիական եկեղեցում, ինչպես նաև Բրյուսելը, Նիսը և Բեռլինը, որտեղ զոհ են դարձել սովորական քաղաքացիներ, նաև Ստամբուլը, որտեղ մարդիկ զոհվեցին Ամանորը դիմավորելիս:
Պապն ասել է, որ չի կարելի սպանել Աստծո անունից, իսկ արմատական ահաբեկչությունը հոգևոր աղքատության պտուղ է, որի հետ հաճախ կապված է նաև սոցիալական աղքատությունը: Սրբազան քահանայապետը հայտարարել է, որ նման ահաբեկչությունը կարելի է լիովին հաղթել միայն աշխարհի կրոնական ու քաղաքական առաջնորդների միասնական ուժերով: