Ազգային ժողովի կողմից ընդունված՝ Գնումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծի համաձայն՝ այսուհետ գաղտնիք կհամարվեն նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը:

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ վերահսկողության մեխանիզմների առկայության պարագայում անգամ հնարավոր է ցանկացած բան գաղտնի պահել, և մեխանիզմների փոփոխության այս տեսքն ավելի շատ է հնարավորություն տալու չարաշահումներից օգտվողներին. «մարդիկ չեն լինելու պարկեշտ ու չեն լուծելու խորքային խնդիրներ»:

 

Նկատենք, որ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պարզաբանում էր, թե սա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Պաշտոնյաների արարողակարգային ծախսերը գաղտնիացնելն իր հետ վտանգներ է բերում. վերոնշյալ պաշտոնյաների կողքին կարող են հայտնվել նաև այլ պաշտոնյաներ, որոնց արարողակարգային ծախսերը ևս գաղտնիք կհամարվեն:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին՝ ինչ վտանգներ են սպառնում ՀՀ նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին, Թևան Պողոսյանը իր տեսակետն արտահայտեց.

 

«Մեր երկիրն ունի թշնամիներ, ինչը նշանակում է՝ պետք է ունենանք գաղտնի ծախսեր: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դրանք պետք է հայտնի չլինեն ո՛չ թշնամիներին, ո՛չ էլ լայն հանրությանը: Հիմնավորումը ճիշտ է, մենք կարող ենք ցանկացած բան անել և ասել՝ գաղտնի ենք պահում, որ թշնամիները չիմանան, տրամաբանությանը դժվար է կպնել, բայց ինձ հետաքրքրում է հարցի մյուս կողմը. իսկ ունե՞նք վստահելի մեխանիզմներ, որոնք կարող են վերահսկողություն ապահովել, որ չարաշահումներ չեն լինի և ամեն բան կկատարվի օրենքի համաձայն»:

 

Թևան Պողոսյանի կարծիքով՝ նախ սկզբում մեխանիզմներ պետք է ձևավորել և ըստ դրա՝ բարձրացնել վստահությունը. «Մենք պետք է վստահ լինենք, որ մեր պետական բյուջեից, բոլորիս կողմից վճարված հարկերը, հանրային ֆինանսները գտնվում են բարձր վերահսկողության հաշվետվության ներքո: Եթե սա չկա՝ ծախսը գաղտնի է, թե ոչ՝ այդքան էլ էական չէ: Մինչև հիմա որ այդ ծախսերը բաց են եղել՝ ի՞նչ է եղել, մենք բաց ծախսերի մեջ ունենք խնդիրներ, ուր մնաց՝ գաղտնի ծախսերում չունենանք»,- խոսքը եզրափակեց պարոն Պողոսյանը:

Սոնա Հարությունյան