Խորհրդարանական ընտրություններն ամենևին էլ յոթ սարի հետևում չեն, ու պայմանավորված հենց այս՝ երկրի կյանքում ամենևին էլ ոչ երկրորդական նշանակություն ունեցող վերահաս իրադարձությամբ՝ զանազան ԶԼՄ-ների, վերլուծաբանների, քաղաքական տեսաբանների համակ ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես հայաստանյան երբեմնի մեռյալ վիճակում գտնվող ներքաղաքական դաշտն, ուր, պետք է խոստովանել, հատկապես վերջին շրջանում ընթացող պրոցեսներն աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ ու դրանցում իրենց մասնակցությունը բերող քաղաքական ուժերի անսովոր ակտիվությամբ:

 

Համաձայնե՛ք, սակայն, ոչինչ այնքան մեծ աժիոտաժ չի առաջացրել դաշտում, որքան Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն անխուսափելի դարձած վերադարձի թեման. բոլորը՝ գրեթե անխտիր, տարված են հենց այս մտքով ու փորձում են հասկանալ, թե Ծառուկյանը հատկապես ինչու կամ ինչ կերպ է որոշել քաղաքականապես ակտիվանալ: Ինչպես և սպասելի էր, տեսությունների ու կարծիքների պակաս ոչ մի կերպ չի նկատվում, ու ով իրեն դույզն ինչ գրագետ մեկն է կարծում, սեփական պարտքն է համարում կարծիք հայտնել, յուրատեսակ դավադրության տեսություններ մշակել ու դրանք ներկայացնել միայն իր համար հասկանալի լեզվով:

 

Թե հատկապես ինչի հետ կարող է կապված լինել այս երևույթը, կարծում ենք՝ այնքան էլ դժվար չէ կռահել. մարդիկ չեն կարողանում կամ չեն ուզում հասկանալ, որ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձը պայմանավորված չէ որևիցե արտաքին գործոնով. որոշումն այդ միանգամայն անձնիշխան է, սեփական համոզմունքներից բխած ու, որ ամենակարևորն է, համապատասխան ժամանակի հրամայականին:


Ծառուկյանն իր անցած ուղիով է ապացուցել, որ սեփական որոշումները կայացնում է բացառապես ինքնուրույնաբար ու որևէ մեկով չի պայմանավորում իր քայլերի հաջորդականությունը: Ու եթե, ասենք, մինչ 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձությունները Ծառուկյանի ինչ-ինչ քայլերի մեջ կարելի էր նկատել այս կամ այն խոշոր պետական գործչի խորհրդատվական միջամտության որոշ նշույլներ՝ բխած բացառապես Ծառուկյանի կողմից կամովին ստանձնած որոշակի բարոյական, ընկերական պարտավորություններից, ապա հայտնի իրադարձություններից հետո, երբ Ծառուկյանը միայնակ մնաց իշխանական ողջ մեքենայի առջև, ինքնաբերաբար վերացան նաև բոլոր այն վերոհիշյալ գործոնները, որոնք կարող էին որոշակի ազդեցություն ունենալ նրա վրա:


Այժմ, երբ Ծառուկյանը լիովին զերծ է բոլոր  կաշկանդող հանգամանքներից (Ծառուկյանն ամենաբարդ կացությունից փաստացի միայնակ կարողացավ պատվով դուրս գալ՝ շնորհիվ կամքի ուժի ու քաղաքական հեռատեսության), նա կատարելապես ազատ է իր որոշումներում ու քայլերում՝ հաշվետու բացառապես սեփական ժողովրդի առաջ, որևէ խորհրդատու «բարեկամի» կամ մեկ այլ անձի միջամտության կարիք նա չի զգում՝ լիարժեքորեն ազատված լինելով  ավելորդ բալաստից: Քանզի Ինչպես կյանքն աներկբայորեն ապացուցեց, բալաստն այդ՝ կարող է խիստ անցանկալի ազդեցություն ունենալ ու որոշ դեպքերում անգամ անդառնալի հետևանքներ թողնել:


Աներկբա է՝ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն անխուսափելի վերադարձը շատերի խաղաքարտերն է իրար խառնելու, շատերին է կանգնեցնելու անլուծելի դիլեմայի առջև՝ դառնալով իսկական փորձաքար բոլոր նրանց համար, ովքեր սովոր են հանդես գալ քաղաքական գործընթացների դիրիժորի դերում. Ծառուկյանն իր ակտիվացմամբ միանգամայն նոր իրավիճակ է ստեղծելու դաշտում՝ ստիպելով բոլորին՝ վերջապես հաշվի նստել սեփական ժողովրդի հետ:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ