Yahoo ամերիկյան ինտերնետ-ընկերությունն իր բիզնեսի հիմնական մասը Verizon ընկերությանը վաճառելուց հետո կվերանվանվի Altaba, տեղեկացնում է BBC-ն:
Նոր ընկերությունը տնօրինելու է այն ակտիվները, որոնք իրեն կմնան ինտերնետ-բիզնեսի վաճառքից հետո, այդ թվում՝ Alibaba Group-ում եւ Yahoo Japan-ում ունեցած բաժինը: Ընդ որում գործարքի ավարտվելուց հետո կփոխվի ընկերության ղեկավարությունը:
Այն կլքեն միանգամից մի քանի թոփ-մենեջերներ, այդ թվում՝ գործադիր տնօրեն Մարիսա Մայերը: Ինչպես նշում է Washington Post-ը, Մայերի տեղը կզբաղեցնի Էրիկ Բրանդտը, որը մինչ այդ աշխատում էր ընկերության տնօրենների խորհրդում:
Պաշտոնապես ընկերությունը չի պարզաբանում, թե ինչու է որպես նոր անվանում ընտրել հենց Altaba բառը: Սակայն Wall Street Journal-ը գրում է, որ այդ բառը կազմվել է «այլընտրանք» («ալտերնատիվ») եւ Alibaba բառերից:
Սպասվում է, որ Verizon ընկերության կողմից Yahoo!-ի ամբողջ ինտերնետ-բիզնեսի ձեռքբերման գործարքը պաշտոնապես կձեւակերպվի այս տարվա մարտին:
Yahoo ինտերնետ-ընկերությունը 4,83 մլրդ դոլարով ձեռք բերելու Verizon Communications հեռահաղորդակցական ընկերության որոշման մասին հայտնի է դարձել 2016 թվականի ամռանը: Գործարքը վերաբերում է Yahoo-ի ինտերնետ-բիզնեսին եւ ընկերության անշարժ գույքի մի մասին: