«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը գրեթե մեկ ամիս է՝ չի դադարեցնում հացադուլը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցի հետ զրույցում նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ Ներսեսը պատրաստվում է առաջիկա 2-3 օրերի ընթքացքում նաև ջրադուլ հայտարարել:

 

Հետաքրքրվեցինք Ներսես Պողոսյանի առողջական վիճակով, փաստաբանն ասաց, որ երեկ է տեսակցել Ներսեսին և ևս մեկ անգամ հորդորել դադարեցնել հացադուլը, սակայն չի համաձայնվել: 

 

«Շատ վճռական է իր որոշման մեջ: Ներսես Պողոսյանն ասում է, որ ինքն առողջական խնդիրներ չունի և նույնիսկ վատանալու դեպքում չի դիմի բժշկի: Ես առերևույթ նայում էի, ինքը շատ վատ վիճակում էր՝ գունատված, հոգնած ու տկար, այնքան, որ երկար զրուցել չստացվեց: Բժիշկներն այցելում են նրան: Ճնշումը 90/60 է, ինչը բավականին ցածր է»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

 

Փաստաբանը նշեց, որ գործի հետ կապված որևէ փոփոխություն չկա. «Նյութերը տրամադրել են փաստաբաններին, հիմա ծանոթացման փուլն է: Դրա ավարտից հետո եթե միջնորդություններ չլինեն, գործը կուղարկվի դատարան: Ներսես Պողոսյանի դեմ ընդամենը երկու ցուցմունք կա, ուրիշ ոչինչ»:

 

Արայիկ Պապիկյանի կարծիքով՝ լավագույն ելքը նախևառաջ կլինի այն, որ Ներսես Պողոսյանը դադարեցնի հացադուլը և գործը շարունակեն իրավական ճանապարհով:

 

«Եվս մեկ ելք կարող է լինել, որ վարույթ իրականացնող մարմինը սեփական նախաձեռնությամբ խափանման միջոցը փոխի, բայց կարծում եմ՝ այս պահին նման բան չի լինի: Մյուս տարբերակն էլ իրավական ճանապարհով շարունակելն է, սակայն որոշումը դեռ չենք ստացել, որ բողոքարկենք Վերաքննիչ դատարան, հույս ունենք, որ շուտ կտրամադրեն: Իրավական ճանապարհով շաբաթներ և ամիսներ կարող է տևել և հացադուլի մեջ գտնվող անձը այդքան ժամանակ հացադուլի մեջ մնալ չի կարող, քանի որ դա շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ»,- եզրափակեց փաստաբանը:

 

Սոնա Հարությունյան