Կենտրոնական բանկը որոշում կայացրեց բանկերի կանոնադրական կապիտալի շեմը 5 միլիարդից դարձնել 30 միլիարդ: 2017 թվականի հունվարի 1-ից  ՀՀ-ում գործող 21 առևտրային բանկերից իրենց  գործունեությունը կշարունակեն 17-ը: Սա ենթադրում է, որ այն բանկերը, որոնց  կանոնադրական կապիտալը 30 միլիարդ չէ, չփակվելու համար կա՛մ պետք է միավորվեն այլ բանկերի հետ, կամ՝ դադարեցնեն իրենց գոյությունը:

Թե ինչ հետևանք կարող է թողնել ԿԲ-ի կողմից պարտադրվող բանկերի խոշորացման ծրագիրը` տնտեսության զարգացման վրա, ԼՈՒՐԵՐ.com-ը ճշտեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից.

«Կրճատումները միաձուլումների ձևով են տեղի ունենում, և դա տնտեսության զարգացման վրա չի կարող բացասական հետևանք ունենալ: Այստեղ կարևոր է նշել նաև այն, որ բանկերի մոտ ձևավորվում է մի նոր մշակույթ՝ բանկերը թողարկում են արժեթղթեր, որով համալրում են  պահանջվող նշաձողը: Բանկերի խոշորացման գործընթացը տնտեսության կայունության առումով նպաստող գործոն է և չեմ կիսում տեսակետը, թե դա տնտեսության համար նոր մարտահրավերների պատճառ կարող է դառնալ»:

Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ բանկերի խոշորացման գործընթացը չի կարող դառնալ գործազրկության աճի պատճառ, քանի որ բանկային ոլորտում կայացած մասնագետների պահանջարկը մշտապես է առկա. «Բանկերի խոշորացումը չի կարող գործազրկության աճ գրանցել, փոքր կապիտալ ունեցող բանկերը միավորվում են մեծերի հետ, և օգտագործվում է մարդկային ամբողջ ռեսուրսը, իսկ, եթե հաշվի առնենք, որ բանկային համակարգը մշտապես զարգացող համակարգ է, ապա կարող ենք փաստել, որ ոլորտում կայացած մասնագետների կարիք միշտ զգացվելու է և նրանք անպայման իրենց տեղը կգտնեն»:

Թաթուլ Մանասերյանի համոզմամբ՝ բանկերի կանոնադրական կապիտալի շեմը 6 անգամ բարձրացնելը  չի բերի նաև տրամադրվող վարկային տոկոսադրույքների աճ՝ քանի որ  տոկոսադրույքներն աճում կամ նվազում են շուկայական հարաբերություններով պայմանավորված, ուստի սխալ է դա կապել բանկերի խոշորացման կամ քանակի նվազման հետ:  

Հիշեցնենք, որ բանկերի խոշորացման արդյունքում «Հայկական զարգացման բանկ»-ը միացավ «Արարատբանկ»-ին, «Պրոկրեդիտ բանկ»-ի բաժնետոմսերը գնեց «Ինեկոբանկ»-ը, «ԲՏԱ բանկ»-ը միաձուլվեց «Հայէկոնոմբանկ»-ի հետ, իսկ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ»-ի ակտիվները ձեռք բերեց «Արդշինբանկ»-ը։

Ստորև ներկայացնում ենք նաև  ՀՀ առևտրային բանկերի կանոնադրական կապիտալը. 

«Զարգացման հայկական բանկ», «ԲՏԱ», «Բիբլոս բանկ Արմենիա» - 5-9 միլիարդ դրամ

«Արմսուիսբանկ», «Արցախբանկ», «Անելիք բանկ», «Մելլաթ Բանկ»,«Հայէկոնոմբանկ», «Հայէկոնոմբանկ», «Պրոկրեդիտ բանկ» -      մինչև 15 միլիարդ դրամ 

«Առէկսիմբանկ», «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ», «Յունիբանկ», «Ինեկոբանկ», «Պրոմեթեյ բանկ», «Հայբիզնեսբանկ»-մինչև 22 միլիարդ դրամ

«Ամերիաբանկ», «Արդշինբանկ», «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկը», «Էյչ էյս Բի Սի բանկ», «ՎՏԲ-Հայաստան»-մինչև 40 միլիարդ դրամ

 

Աղավնի Սուքիասյան