«Ո՞րն է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական բանաձևը» հարցն, արդարև, արդեն տասնյակ տարիներ է, ինչ հուզում է ոչ միայն ժողովրդական ամենալայն մասսաներին, այլև փորձագիտական շրջանակներին, որոնք, չնայած գործադրած ջանքերին, այդպես էլ չեն կարողանում մի օրիգինալ բանաձև առաջ քաշել, որի վրա հիմնվելով՝ մենք կկարողանայինք հնարավորինս դինամիկ աճ արձանագրել տարիներ շարունակ տեղում դոփող տնտեսության մեջ. ցուցանիշներն այս առումով չափազանց մտահոգիչ են:

Պարզվում է, սակայն, բանաձևն այդ՝ կարող է այնքան էլ խրթիններից չլինել, իսկ թռիչքաձև տնտեսական զարգացում ապահովելու համար էլ ընդամենը մեկ նախապայման անհրաժեշտ լինի՝ համապետական ընտրությունների հաճախակի անցկացում: Ինչո՞ւ, շատ պարզ պատճառով. եթե հավատալու լինենք ապրիլյան ընտրությունների նախաշեմին ասպարեզ նետված վիճակագրական տվյալներին, ապա ուզած-չուզած՝ ստիպված ենք լինելու ֆիքսել այն՝ շատերի համար կասկածելի իրողությունը, որ հայրենի տնտեսությունը հատկապես վերջին շրջանում՝ ճիշտ այն պահից սկսած, երբ Կարապետյանը հանրահռչակվեց ՀՀ վարչապետ, մի այլ կարգի աճ է արձանագրել, իսկ տնտեսական մոնոպոլիաներն էլ այլևս անցյալին պատկանող իրողություններ են:

Այսպես՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինըհամապատասխան տեղեկատվություն է հրապարակել, որից պարզ է դառնում՝ շաքարավազի շուկայում՝ սեպտեմբերի 7 ներկրող ընկերությունների փոխարեն՝ նոյեմբերին գրանցվել է 16-ը, իսկ բանանի շուկայում՝ սեպտեմբերի 4 ներկրողների փոխարեն՝ նոյեմբերին եղել է 12 ընկերություն։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական աննախադեպ զարգացմանն, ապա այստեղ ևս պատկերը բավական հետաքրքրական է. անցած տարվա վերջին օրերին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված 2016 թվականի առաջին 11 ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշներից պարզում ենք, որ չափազանց տարօրինակ կերպով՝ նոյեմբերի առևտրի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են միանգամից 3.8%-ով: Այս ցուցանիշը միգուցե այնքան էլ տարօրինակ չլիներ, եթե չլիներ մեկ այլ, չափազանց խոսուն ցուցանիշ. երկրում էապես կրճատվել է մանրածախ առևտուրը: Ասել կուզի՝ առևտրի աճն ապահովվել է հիմնականում մեծածախ առևտրի հաշվին: 24% աճ է արձանագրվել նաև ներմուծման մասով, ինչն իսկական «տնտեսական հրաշք» կարելի է համարել՝ նախորդ ամիսների ֆոնին: Մի խոսքով՝ ծաղկում ենք, այնինչ՝ «վրենքներս խաբար չկա»...

Թե ինչ կարող է նշանակել այս թվային աճպարարությունն ու մենաշնորհների դեմ պայքարի մասով գրանցած «առաջընթացը», կարծում ենք՝ այնքան էլ դժվար չէ կռահել. ըստ էության՝ ազգովի գործ ունենք լավ կազմակերպված ու թվերով «հիմնավորված» քաղաքական նախընտրական պրոպագանդայի հետ՝ ընդ որում՝ բավական ճչացող. ներմուծման մոնոպոլիա ունեցող հայտնի ընկերությունների կողքին մի քանի անհայտ ծագմամբ անուններ ավելացնելը կամ հյութեղ թվեր նկարելը չեն կարող արտահայտել երկրում առկա այն իրողությունը, որի հետևանքով Հայաստանն արագ տեմպերով դատարկվում է:

Եթե ընտրություններից առաջ մենք ինչ-որ հրաշքով տնտեսական հաստատ աճ ենք գրանցում ու բարելավում երկրի տնտեսական ցուցանիշներն, ապա ի՞նչն է մեզ խանգարում ընտրություններ անցկացնել ոչ թե, ասենք, 4 կամ 5 տարին մեկ, այլ՝ 6 ամիսը մեկ. և՛ ժողովուրդը կսկսի լավ ապրել, և՛ իշխանությունների ռեյտինգը կբարձրանա: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ չհամատեղել օգտակարը՝ հաճելիի հետ...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ