ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ Մ. Բաղդասարյանը, իր տան մոտակայքում ավտոմեքենայով հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել տատին' ութսուներեքամյա Էմմա Խլխաթյանին, ով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում գիտակցության չգալով' մահացել է: Նույն օրը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հովհաննես Ալեքսանյանն այցելել է բժշկական կենտրոն' համապատասխան արձանագրություն կազմելու նպատակով:

Ոստիկանության աշխատակիցն իր ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու պատրանք ստեղծելու և ստացած հանձնարարության ընթացքն արագ լուծելու անձնական դրդումներով կազմել է կեղծ տեղեկություններ պարունակող երկու արձանագրություն: Այսպես, չնայած Է. Խլխաթյանի անգիտակից վիճակին' ոստիկանը նրա անունից վերցված բացատրության մեջ կեղծ տեղեկություն է ներառել այն մասին, թե, իբր, տարեց կինը վատ ինքնազգացողության պատճառով ընկել է տան բակում, այսինքն' մարմնական վնասվածքներ ստացել է ոչ թե ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու, այլ վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանը նաև կազմել է ևս մեկ' կրիմինալ դեպքերի մատյանը զննելու մասին պաշտոնական արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է շարադրել դրա կազմման ժամանակահատվածի վերաբերյալ:

Այսպիսով, պաշտոնեական կեղծիք կատարելու համար Հ. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: