Տնտեսական ապրանքների շուկայում նկատելի են ապրանքների գների բարձրացում: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խոսնակ Գայանե Սահակյանն ասաց, որ գերիշխող շուկաներից արձանագրել են շաքարավազի և ալյուրի գների բարձրացում, որոնց հետ կապված՝ հանձնաժողովում ներկայումս ընթանում են ուսումնասիրություններ:

Շաքարավազի թանկացումը նկատելի էր դեռևս դեկտեմբեր ամսին: Ուսումնասիրություն կատարելիս` նկատվել է շաքարավազի գնի 9 տոկոսի բարձրացում՝ 20-30 դրամով 1 կգ-ի դեպքում: Գայանե Սահակյանի խոսքով՝ դիտարկումները ցույց են տվել, որ տեղի է ունեցել շաքարավազի հումքի միջազգային գնի բարձրացում:

Նշենք նաև, որ ալյուրը ևս թանկացել է մոտ 2-3 տոկոսով՝ 1 կգ-ի դեպքում մոտ 10 դրամով: Ըստ մեր տեղեկությունների, ալյուրի գնի բարձրացման հետևանքով որոշ տեղերում հացը թանկացել է մոտ 40 դրամով:

Հարցին՝ ի՞նչ պատճառով և հիմնավորմամբ են տեղի ունեցել թանկացումները, Գայանե Սահակյանը պատասխանեց.

ՏՄՊՊՀ-ն միայն ուսումնասիրության ավարտից հետո կարող է հստակ տեղեկություն հայտնել գնի բարձրացման հիմնավորման պատճառների և հանձնաժողովի դիրքորոշման վերաբերյալ: Ուսումնասիրություններ են իրականացվում` իրացնողներից, խոշոր սուպերմարկետներից պահանջում ենք հիմնավորման տեղեկատվություն, գնագոյացման ուսումնասիրություն է անհրաժեշտ, որը ժամանակատար աշխատանք է և վերլուծություն է պահանջում:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում շաքարավազ արտադրում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանը՝ ներկրված հումքի հաշվին: Պատրաստի շաքարավազի ներկրման հիմնական բաժինը ևս Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերություններին է տրված: Կարծիք կա, որ ալյուրի գնի բարձրացման մեջ ևս ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մատն է խառը:

Սոնա Հարությունյան