ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 13-ին ամփոփեց իր գործունեության 100 օրը:

Խոսելով տնտեսական խնդիրների, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին՝ Կարեն Կարապետյանն, ըստ ոլորտների, ներկայացրեց ախտորոշված խնդիրները և դրանց լուծումները:  Կառավարության ղեկավարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ այլևս մենաշնորհներ չկան, ներկրողներին ոչինչ էլ  չի խանգարում մեր երկրում ներդրումներ անելու համար, իսկ Հայաստանը ներդրողների համար ներկայացվեց որպես հարթակ, որտեղից կարելի է մուտք գործել ԵՏՄ-ի բազմամիլիոնանոց շուկա: Սա այն ֆոնին, երբ Հայաստանի տնտեսությունը աճի դինամիկա չունի,  ներդրումների թիվն էլ կրճատվել է: Եթե այս ամենին էլ հավելում ենք լայն թափով շարունակվող արտագաղթը, ապա տարակուսանք են առաջացնում կառավարության ղեկավարի՝ ՀՀ տնտեսության կայուն աճի մասին սպասումները:

ՀՀ բնակչության մոտ իսպառ բացակայում է վստահությունը մեր երկրի պայծառ ապագայի վերաբերյալ, իսկ   կայուն տնտեսական աճի մասին սպասումները խիստ անհավանական են թվում՝ հաշվի առնելով, որ ՀՀ պետական պարտքը 2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 872.1 մլրդ դրամ, կամ՝ 5 մլրդ 934.8 մլն ԱՄՆ դոլար։  Մեր երկրի պետական պարտքը տարվա սկզբի համեմատ աճել է 415.8 մլրդ դրամով։ ՀՀ արտաքին պարտքը 2016 թվականի ընթացքում աճել է 482.1 մլն դոլարով և 2016 թվականի վերջին կազմել 4 մլրդ 798.3 մլն դոլար։ Միայն դեկտեմբերին ՀՀ արտաքին պարտքը աճել է 303.3 մլն դոլարով։ Տնտեսապես կայացած երկրի սպասումները խամրում են արտաքին և նեքին պարտքի այս ցուցանիշների ֆոնին: Իսկ Կառավարության մեկ այլ որոշում կարող է դառնալ հերթական հիասթափության պատճառ: Խոսքը, մասնավորապես, պետական համակարգում աշխատողների թվի կրճատման մասին է: 2017 թվականին այդ թիվը կկրճատվի մոտ 3000-ով։ Այս մասին ուրբաթ օրը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ ՀՀ կառավարության 100 օրվա գործունեության վերաբերյալ հաշվետվության՝ 2016 թվականին ՀՀ պետական համակարգում աշխատողների փաստացի թվաքանակը եղել է 22961։ Օպտիմալացման արդյունքում 2017 թվականին նրանց թիվը կդառնա 20059։ Նախարարությունների և գերատեսչությունների աշխատակազմը 5793 մարդուց կնվազի մինչև 5195, իսկ ՊՈԱԿ-ներում և պետական մասնակցությամբ ՓԲԸ-ների աշխատողների թիվը 17168-ից կհասնի 14864-ի։

Ստացվում է` տնտեսության առողջացմանն ու կայացմանը միտված ծրագրի շրջանակում շատ շուտով  ՀՀ շուրջ 3000 քաղաքացի կդառնա գործազուրկ: Իսկ գաղտնիք չէ, որ մեր երկրում գործազրկությունն ու արտագաղթն իրար լրացնող երևույթներ են: Եթե մեծ չափեր ունեցող արտագաղթին էլ ավելանում է մեր պետության կողմից տարվող նոր հարկային քաղաքականությունը, որը պատճառ է դառնում փոքր բիզնեսների փակման, ապա կառավարության ապագայի տեսլականը հօդս է ցնդում: 

Աղավնի Սուքիասյան