Մինչ կառավարությունը, ելնելով բացառապես նախընտրական տրամաբանությունից, շարունակ փորձում է ներշնչել ՀՀ բնակչությանը, թե հատկապես 2016-ի վերջին եռամսյակից սկսյալ՝ Հայաստանի՝ անկասելիորեն անկում ապրող տնտեսությունը վերընթաց է սկսել ապրել՝ թեկուզ ոչ այնքան զգալի, մի շարք լրջագույն տնտեսագիտական վերլուծություններ (և հասարակության կյանքի որակն՝ առհասարակ) աներկբայորեն փաստում են, որ իրականում՝ տնտեսական զարգացման մասին պատմող բոլոր «վիճակագրությունները» ոչ այլ ինչ են, եթե ոչ վերևից պատվիրված աճպարարություն. այս ամիսների ընթացքում որևիցե լուրջ քայլ՝ տնտեսության առողջացմանն ուղղված, ոչ միայն չի կատարվել, այլև բացի որոշ «անշառ» թերություններ մատնանշելուց, ուրիշ ոչնչով Կարապետյանի կաբինետը, փաստացի, չի զբաղվել՝ չհաշված, իհարկե, զանգվածային կրճատումները, որոնք դեռևս ընթացքի մեջ են գտնվում, ու որոնց արդյունքում, ինչպես պարզում ենք ՀՀ կառավարության 100 օրվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունից, Կարապետյանն ակնկալում է տնտեսել 3 մլրդ 932 մլն դրամ, որից 1 մլրդ 497 մլն-ը՝ գերատեսչությունների աշխատակազմերի օպտիմալացման արդյունքում, 2 մլրդ 435 մլն դրամը՝ ՊՈԱԿ-ների: Բացի այս՝ նախատեսվում է ևս 904 մլն դրամ տնտեսել թվով 5 մարզերում կատարված օպտիմալացումների արդյունքում։


Այնպես որ՝ բոլոր այն տնտեսագետներն, ովքեր միանգամայն հիմնավոր կերպով փաստում են, որ2017-ը երկրի տնտեսության համար փորձություններով լի շրջան է լինելու, կարող են հանգիստ խղճով փոխել իրենց մասնագիտությունը. Կառավարությունը միանգամայն այլ տեսակետ ունի հարցի վերաբերյալ. պետական ապարատում կթողնեն, ասենք, մի 100 հոգու, իսկ ազատ մնացած միջոցներով էլ մի կերպ «յոլա կգնան»…


Իսկ եթե լուրջ, ապա պետք է նկատել, որ իրականում տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, դրա զարգացումը հնարավորինս անշեղ հիմքերի վրա դնելու համար քաղաքակիրթ մարդկությունը վաղուց բավական էֆեկտիվ գործիքակազմեր է մշակել, որոնցից ամենակարևորներից մեկը, թերևս, կարելի է հարկային քաղաքականության ճիշտ մեթոդոլոգիան համարել: Գաղտնիք չէ, որ մեր երկրում բիզնես սկսելու համար ստարտային պայմաններ՝ գրեթե չկան: Ու չնայած կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, օրուգիշեր «կոկորդ է պատռում», թե մենաշնորհներ չկան, իսկ եթե ինչ-որ մեկն էլ հանկարծ նեղվի դրանց «աներևույթ» առկայությունից, ապա կարող է «դուխով» վարչապետին ահազանգել, փաստը մնում է փաստ, որ դաշտում կիրառվում է ընտրողական մոտեցում, ու ում կապերը բավարար չափով ամուր չեն լինում՝ կա՛մ «քերթում» են, կա՛մ ստեղծում այնպիսի պայմաններ, որ ունեցած-չունեցածը վաճառի, լքի Հայաստանը. սա է իրականությունը, ու ոչ ոք օբյեկտիվորեն սրան չի կարող հակադարձել:


Իսկ ստեղծված իրավիճակից միանգամայն իրական լուծում կարող էր հանդիսանալ, ասենք, հարկային քաղաքականության վերանայումը. հարկավոր է սահմանել ոչ թե այնպիսի հարկեր ու հարկատեսակներ, որոնք հենց օրորոցում են խեղդում բիզնեսն ու դրանով զբաղվելու՝ անհատի ցանկությունը, կամ դրդում ձեռներեցին, ասենք, թաքցնել սեփական եկամուտներն ու աշխատողներին, այլ թույլ տալ նրանց՝ ազատորեն շնչել. ի դեպ՝ այս իմաստով հարևան Վրաստանի օրինակը շատ առումներով կարելի է ուսուցողական համարել. հատկապես հարկային ճիշտ քաղաքականությունն ու հասկանալի խաղի կանոնների հաստատումն այս երկրին օգնեցին համեմատաբար կարճ ժամանակահատվածում դառնալ, երևի թե, տարածաշրջանային բիզնես կենտրոն:


Բացի, ասենք, ներդրումների ներգրավմանն ուղղված հստակ քաղաքականություն վարելը կամ գոյություն ունեցող սուբյեկտիվ խոչընդոտները վերացնելը՝ զարգացման ռազմավարական պլաններ մշակելիս, եթե, իհարկե, մեզանում այդպիսիք դեռևս մշակվում են, հարկավոր է հաշվի առնել նաև չափազանց կարևոր մի իրողություն ու տնտեսության մեջ վճռական դեր խաղացող հանգամանք՝ Հայաստանի բնակչության թվաքանակը, դրա աճի տեմպերն ու նշմարվող տենդենցները: Բոլորին պետք է հասկանալի լինի մեկ բան՝ արտագաղթող բնակչությամբ եկիրը չի կարող կենսունակ տնտեսական ռազմավարություն ունենալ, նույնիսկ՝ եթե այդ ռազմավարությունը Լի Կուան Յուի գրչին էլ պատկանելիս լինի:


Այնպես որ՝ խորհուրդ կառավարությանը. կրճատումների հաշվին Հայաստանի համար «պայծառ ապագա» կառուցելու ճանապարհին մի՛ մոռացեք, որ ամեն մի կրճատված քաղաքացի պոտենցիալ ճամփորդ է, Հայաստանից անվերադարձ արտագաղթող ներուժ. մի փոքր խորագե՛տ գտնվեք...

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ