Երբ հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին փոխարինելու է գալիս Արմեն Ամիրյանը, պետք է խոստովանել, հասարակության շրջանում համապատասխան արձագանքը միանշանակ չստացվեց: Բավական հետաքրքրական էր նաև Ամիրյանի արձագանքն այս առթիվ, երբ ի լուր աշխարհի վերջինս հայտարարեց, թե որքան երջանիկ է ինքն, երբ ստացավ յուր՝ մշակույթի նախարար նշանակման մասին ավետիսը:

Իհարկե, կարծել, թե Ամիրյանի էյֆորիայի պատճառը հայ մշակույթը մի նոր մակարդակի բարձրացնելու աննախադեպ հնարավորություն ստանալն էր, միամտություն կլիներ, քանի որ ամենևին էլ նորություն չէ, որ պաշտոնը, ինչպիսին էլ այն լինի, մեզանում մշտապես դիտարկվել է՝ ընդամենը անձնական բարեկեցության որոշակի մակարդակի հասնելու փորձված միջոց, ու Ամիրյանի պարագան ամենևին էլ բացառություն չէր: Այլ հարց է, սակայն, թե այդ նշաձողին հասնելու համար այս կամ այն պաշտոնյան ինչպիսի՞ գործիքակազմերից է նախընտրում օգտվել, և կամ մինչև ուր կարող է հասնել նրա՝ փող աշխատելու անհագուրդ ձգտումը:

Ինչպես հայտնի է, հաճախ է մեզանում խոսվում մասնավոր սեկտորի ու պետության միջև փոխվստահելի հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտության մասին. այս թեման, թերևս, ամենաքննարկված թեմաներից պետք է համարել, քանի որ այն հասարակարգը, որում ներկայում հայաստանյան հասարակությունն ապրում է, ըստ էության, հիմնված է պետության ու մասնավորի փոխշահավետ փոխգործակցության վրա, ու որևիցե դատապարտելի բան այն բանում, որ այս կամ այն խնդրի շուրջ կարող է ձևավորվել համապատասխան գործակցություն, գոյություն չունի:

Եվ ահա պարզվում է՝ սույն իրողությունը ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն բավական հետաքրքիր կերպ է ընկալել. բավականին «բեղուն» համագործակցություն է սկսում զարգանալ «Կոկա-կոլա» ընկերության և Ամիրյանի գերատեսչության միջև. վերջերս խանութներում վաճառվող յուրատեսակ լոգոներով քաղցրահամ գազավորված խմիչքներն արդյունք են մասնավորի ու պետականի «բացառիկ» համագործակցության. «Կոկա-կոլան» որոշել է սեփական արտադրանքը զարդարել Հայաստանի պատմամշակութային կոթողների պատկերներով, ինչն, ըստ մի շարք մասնագետների, գրված ու չգրված օրենքների անթույլատրելի ոնտահարում է: Մշակույթի նախարարության մտահղացման արդյունքում, փաստացի, մարկետինգի զոհի են վերածվել այնպիսի կարևորագույն կոթողներ, ինչպիսիք են ասենք Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Սասունցի Դավթի արձանը և այլն: Ու չնայած այս մտահղացման հեղինակները՝ որպես նման քայլի արդարացում բերում են Արևմուտքի օրինակը, սակայն, պետք է նկատել, որ ոչ միշտ է արևմտյան երկրներում տարածում գտած այս կամ այն պրակտիկան կիրառելի լինում մեր պարագայում. փող աշխատելն էլ պետք է բարոյապես արդարացված լինի:

Թեպետ Ամիրյանի գերատեսչությունում ամեն կերպ փորձել են ու հիմա էլ փորձում են հավաստիացնել, թե այս մտահղացման արդյունքում գոյացող միջոցներն ուղղվելու են հուշարձանների պահպանությանը, սակայն մեծ երևակայություն պետք չէ ունենալ՝ հասկանալու, որ իրականում ոչ ոք չի կարող ի սկզբանե երաշխավորել, թե ինչպես են գոյացած միջոցները ծախսվելու. Ամիրյանը, համաձայնե՛ք, ստանում է հրաշալի հնարավորություն՝ «Կոկա-կոլայի» միջոցով իր համար «լևի» եկամտի աղբյուր ունենալու...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ