2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ արդեն իսկ ակնհայտ է դարձել այն լարվածությունը և ընդգծված հակասությունները, որոնք առկա են ՀՀԿ վերնախավի և մասնավորապես՝ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև: Խնդիրը կայանում է այն իշխանական բացի ձևավորման մեջ, որի հաղթահարման ուղիները ՀՀԿ-ում դեռևս չեն գտնում:

 

Սերժ Սարգսյանը որոշակի դադարից հետո բավականին ակտիվացել է և այդ տեսակետից հարց է առաջանում' Սարգսյանը միայն պաշտո՞նն է տվել Կարեն Կարապետյանին, թե՞ նաև որոշումներ կայացնելու իրավասությունը. որովհետև, եթե որոշումներ կայացնելու իրավասությունը Սերժ Սարգսյանն, այնուհանդերձ, պահել է իր ձեռքում, ապա դա նշանակում է, որ քաղաքական աջակցության մասով վարչապետը կարող է կանգնել լուրջ խնդիրների առաջ, քանի որ այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հարաբերություններում ոչ միայն ոչինչ պարզ չէ, այլ այդ հարաբերություններում խնդիրները դեռ նոր են երևան գալու: Իհարկե, խոշոր բիզնեսի ստվերի հարցը, անկասկած՝ հանդիսանալու է այդ խնդիրների առանցքային բաղադրիչներից մեկը, ելնելով թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական նշանակությունից: Սակայն հենց այս տեսանկյունից է, որ բոլորովին պարզ չէ, թե այդ ստվերի հարցում քաղաքական աջակցությունն ինչ «ստատուս-քվո» և արդյունք է ենթարկելու:


Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն առնվազն անուղղակիորեն հայտարարում են մրցակիցներ լինելու մասին: Եվ քանի դեռ նրանց երկուսից որևէ մեկը չի հրաժարվել հավակնությունից կամ չի հայտարարել, որ այդ պաշտոնին կհավակնի, եթե վարչապետ լինելու ցանկություն չունենա մյուսը, նշանակելու է, որ Հայաստանի ներիշխանական համակարգում առաջանում է նոր մրցակցություն՝ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի մրցակցությունը:


Եվ եթե Կարեն Կարապետյանը փորձելու է, ըստ այդմ, անել հնարավորը՝ էֆեկտիվ վարչապետ երևալու համար՝ այդպիսով Սերժ Սարգսյանին զրկելով իրեն պաշտոնից հեռացնելու առիթից, ապա Սերժ Սարգսյանը երևի թե ամեն ինչ կանի, որպեսզի 2018 թվականին մոտենալուն զուգահեռ՝ ավելի ու ավելի «ի ցույց» դրվեն Կարեն Կարապետյանի անարդյունավետության, ոչ էֆեկտիվ կառավարման օրինակներ՝ դրանով իր համար առիթ ստեղծելով վարչապետի պաշտոնից Կարեն Կարապետյանի հեռանալու հարցն առնվազն օրակարգային դարձնելու համար:


Իհարկե, մինչև 2018 թվականը չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հանգամանքների բերումով հայտարարի վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին, քանի որ այստեղ, իհարկե, նրա ցանկությունից բացի՝ շատ բան կախված է ներքին ու առավել ևս՝ արտաքին մի շարք գործոններից: Սակայն առայժմ՝ Սերժ Սարգսյանն արդեն երկու անգամ պատասխանելով վարչապետ լինել-չլինելու մասին հարցին՝ ասել է, թե՝ դեպի կառավարություն տանող դուռը թողել է բաց՝ 2015-ի դեկտեմբերին և 2016-ին: Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ Սարգսյանն իր համար այդ դուռը թողել է բաց՝ անկախ որևէ պատճառից, նա փաստորեն բաց է թողել նաև Կարապետյանի հեռանալու դուռը: Այս իրավիճակն ուղղակիորեն թուլացնում է իշխող կուսակցության նախընտրական դիրքերը՝ գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

 

Ստելլա Խաչատրյան