ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հորդորել է քաղաքացիներին անբարենպաստ, մառախլապատ եղանակային պայմաններում երթևեկել' հետևելով Ճանապարհային երթևեկության կանոններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է. «Հարգելի վարորդներ, վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռ ոչ բոլոր վարորդներն են կարողանում պատշաճ երթևեկություն կազմակերպել հանրապետությունում եղանակային կտրուկ փոփոխության պայմաններում, իսկ որոշ տրանսպորտային միջոցների վրա էլ առկա են լուսային համակարգի անսարքություններ։

 

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է՝ անբարենպաստ, մառախլապատ եղանակային պայմաններում երթևեկել' հետևելով Ճանապարհային երթևեկության կանոններին և տրանսպորտային միջոցները վարել եզրաչափային լույսերը, ինչպես նաև լապտերների մոտակա լույսերը, հակամառախուղային լապտերները կամ հետին հակամառախուղային լապտերիկները միացված վիճակում:

 

Ճանապարհային երթևեկության կանոնները ըստ սահմանված կարգի չպահպանող վարորդների նկատմամբ կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ»։