Չնայած շատերը գտնում են, որ 2017-ի ընտրությունները Հայաստանում երբևիցե տեղի ունեցած քաղաքական ընտրություններից ամենագաղջն են, «ամենաանհավեսը», ակնհայտ է, սակայն, որ դեռևս վաղ է կոնկրետ գնահատականներ հնչեցնելու համար. ամեն բան, ինչպես ասում են դեռևս առջևում է:

Պետք է նկատել, որ առաջիկա ընտրությունները երևի թե ամենաշատը նախորդներից տարբերվելու են նրանով, որ այս անգամ քաղաքական դաշինքների դերակատարումը չափազանց մեծ է լինելու դաշտում, ու գրեթե չկա կուսակցություն, որն իրեն այս կամ այն ձևավորված կամ դեռևս ձևավորվելիք դաշինքում չտեսնի: Ովքեր էլ փորձում են անտեղի «առնականություն» դրսևորել ու ի լուր բոլորի հայտարարել, թե ընտրություններին գնալու են միայնակ, առանց դաշնակցելու որևիցե ուժի հետ, ըստ էության՝ անում են դա անճարությունից դրդված՝ հասկանալով, սակայն, որ իրենց համար անցանկալի այդ սցենարի դեպքում՝ շանսերը՝ ներթափանցելու 2017-ի ԱԺ, կտրուկ փոքրանալու են, ու հազիվ թե իրենք ընդունակ լինեն միայնակ ճակատամարտ մղելու քաղաքական դաշինքների դեմ. դաշինքները, եթե կուզեք, դարձել են 2017-ի խորհրդարանական ընտրությունների գլխավոր բրենդը:

Համաձայնե՛ք, սակայն, որ չնայած այս ամենի «հետաքրքրաշարժությանը»՝ ոչինչ չի երաշխավորում, որ այս կամ այն դաշինքը 2017-ից հետո իրապես դառնալու է հասարակության խոսափողը՝ քաղաքական վերին էշելոններում, ու ամբիցիաները մի կողմ դրած՝ լծվելու է օրախնդիր հարցերի լուծման ծանր գործին. ժողովուրդն, այս իմաստով, բավական դառը փորձ ունի կուտակած:

Թե քաղաքական դաշինքների ֆորմատը որքանով իրեն կարդարացնի հետագայում, անկասկած, կարող է ցույց տալ միայն ժամանակը, բայց որ դրանցից առնվազը մեկում՝ «Ելք-ում», չափազանց հետաքրքրաշարժ գործընթացներ են սկսում ուրվագծվել, փաստ է. ու կրկին գլխավոր հերոսի դերում սկսում է հանդես գալ Նիկոլ Փաշինյանը:

Պարզվում է՝ բավական ինտրիգային իրավիճակ է ստեղծվել հենց նորակազմ դաշինքի ներսում ու ամենևին էլ չի բացառվում, որ ժամանակի ընթացքում, երբ պահը հասունանա, անհաղթահարելի տարաձայնություններ ծագեն, ասենք, Փաշինյանի, Արամ Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի միջև. հիմքեր՝ կարծես, արդեն իսկ ստեղծվում են՝ ուզած պահի խժդժություններ առաջ բերելու ընդդիմադիր արևմտամետ այս դաշինքում: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված «Քաղաքացիական պայմանագրի» առաջին տասնյակը որոշ ԶԼՄ-ների կողմից, բնականաբար, ոչ պատահական սկզբունքով, ներկայացվել է որպես «Ելք»-ի առաջին տասնյակ: Սրան զուգահեռ նախատեսվում է, որ առաջիկայում ԱՄՆ են մեկնելու «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն՝ առանց Փաշինյանի:

Եվ ուրեմն՝ հարց է առաջանում՝ ի՞նչ կարող է այս ամենը նշանակել: Իսկ նշանակել կարող է, ըստ էության, երկու բան՝ նախ՝ հետզհետե ակնհայտ են դառնում Փաշինյանի վատառողջ ամբիցիաները, երկրորդ՝ այն, որ դաշինքն ամենևին էլ համասեռ քաղաքական միավոր չէ, որ իրենից ներկայացնում է, այլ՝ կարճաժամկետ շահերի առանցքի շուրջ քաղաքական ուժերի միավորում, որի կենսունակությունը, բնականաբար, հավասար է լինելու զրոյի: Իսկ թե ինչու, կռահելն այնքան էլ դժվար չէ. Փաշինյանը, որի՝ իշխանությունների հետ ունեցած սերտ կապերի ու համագործակցության մասին իսկական լեգենդներ են շրջանառվում, ըստ էության, հանդես է գալիս յուրատեսակ ականի դերում, որ երբ ընտրություններն անցնեն ու իշխանություններին ձեռնտու չլինի դաշինքի գոյությունն, այն հնարավորինս հեշտորեն հնարավոր լինի կազմաքանդել:

Այլ կերպ ասած՝ Փաշինյանը կրկին հանդես է գալիս իշխանությունների կողմից ներդրված ականի դերում, որը, նույն իշխանությունների համար հարմար պահի՝ պայթելու է իր ողջ ուժգնությամբ՝ վերածելով դաշինքը բեկլորների. վստահաբար, Փաշինյանը չի կարող, ասենք, Էդմոն Մարուքյանին՝ ինչպես հարկն է փաստել, թե ինչու հատկապես ինքը պետք է դառնա «Ելքի» առանցքն ու նվագախմբի առաջնային ջութակը. ամեն մեկն իրեն է համարում գլխավոր դերակատար՝ անկախ ունեցած պոտենցիալից. լիդերության բնազդը հայ քաղաքական որոշ գործիչների մոտ վաղուց բավականին վատառողջ դրսևորումներ է ստացել, ինչը չի կարող դեստրուկտիվ ազդեցություն չունենալ քաղաքականության՝ որպես երևույթի վրա՝ ընդհանրապես:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ