ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը՝ հանրահայտ «Արմավիրցի Նովոն», համոզված է՝ իր հարազատ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն հաղթելու է, մեզ էլ վստահեցնում է՝ ամեն ինչ նորմալ է լինելու, կտեսնենք ու կհամոզվենք:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ պատրաստվում է ընտրություններին այնպես, ինչպես մնացածը և ոչ մի առանձնահատուկ քայլ չի անում: 

«Հըլը ո՞ւր ա, ի՞նչ ա պարզ, որ: Մասնակցելը սենց ա՝ մեծամասնական ընտրակարգ՝ էլ չկա, հիմա պետք ա կուսակցությունն առաջադրի: Հըլը որ՝ պարզեցված բան չկա էլի, հըլը օրենքը պարզվի՝ կիմանանք էլի»,- ասում է պատգամավորը և հավելում՝ «Օրը կգա, բարին՝ հետը»:

Թե ինչ օրենքի պարզեցման մասին է խոսքը, դժվարանում ենք ենթադրել, բայց մի բան հաստատ է՝ նա այն 102 պատգամավորներից մեկն է, ով կողմ է քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին:

Նշենք նաև, որ Նահապետ Գևորգյանն ԱԺ-ում նորեկ չէ: Նա պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով՝ դեռևս 1999 թվականից: Վերջինս խորհրդարանական նիստերին այդքան էլ պարտաճանաչ չի մասնակցում, 5-րդ գումարման ԱԺ նիստերից բացակայել է 5 անգամ: Այս ամիսների ընթացքում պատգամավորը հանդես չի եկել ելույթներով և հարցադրումներով:

Նշենք նաև, որ Նահապետ Գևորգյանը հայտնի է մի շարք սկանդալային իրադարձությունների կիզակետում հայտնվելուց: Ակնհայտ է նաև նրա՝ «մեղմ ասած»՝ ոչ բարեհամբույր վերաբերմունքը՝ լրագրողների հանդեպ:

Սոնա Հարությունյան