Կրթության և գիտության նախարարի պաշտոնում Արմեն Աշոտյանին փոխարինած ՀՅԴ-ական Լեվոն Մկրտչյանի պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածը աչքի ընկավ բազմաթիվ միջադեպերով, որոնք, կարծես թե, հանրության կողմից չարժանացան պատշաճ արձագանքի: Խոսքը և՛ «Փոքր Մհեր » կրթահամալիրի շուրջ ստեղծված լարված իրավիճակի մասին է, և՛ վերջերս ԱԱԾ կողմից բացահայտված՝ մասնավոր բուհերի կողմից կեղծ դիպլոմների տրամադրման փաստերը, և այն, որ նախարարը օրենքի պահանջը ստորադասում է իր պայմանագրին, ըստ օրենքի՝ ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարվում է մրցույթ, որին մասնակցելու իրավունք է ստանում այն անձը, ով ունի 7 տարվա մանկավարժական ստաժ, անցել է համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից վերապատրաստում, այնուհետեւ քննություն՝ գրավոր եւ բանավոր փուլերով, որից հետո, ինչպես գրված է օրենքում՝ «ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում՝ 5 տարի ժամկետով»:

Հստակ գրված է, որ ղեկավարման իրավունքի հավաստագիրը 5 տարի ժամկետով է տրվում: Այս պարագայում հետաքրքիր է՝ ինչպես է ԿԳ նախարարը հայտարարում, որ մեկ անգամ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստացած անձինք վերապատրաստումից հետո այլեւս քննություն չեն հանձնելու:

Բացի այդ, հոկտեմբերին «Բարձրագույն կրթության մասին» օրենքը դրվել է հրապարակային քննարկման, ինչը անշուշտ ինքնին գովելի փաստ է, սակայն կարծես թե ԿԳ նախարարությունը մատների արանքով է նայել թե՛ այդ քննարկումներին, և թե՛ այնտեղ արտահայտված առաջարկներին և դիտարկումներին: Գուցե դա է պատճառը, որ կրկին ունենալու ենք «Ճ» կլասսի Բարձրագույն կրթության մասին օրենք, քանի որ տեղի մասնագետներին անսալու փոխարեն ջանում ենք ներկրել արտասահմանյան կրթական ձևաչափերը, որոնք մեծամասամբ չեն աշխատում մեր երկրում և էլ ավելի են դժվարեցնում ուսումնական գործընթացները:

Ըստ Լևոն Մկրտչյանի կրթության հարցում Երևանը մեր շոգեքարշն է, և եթե մայրաքաղաքում չկարողանանք որակ ապահովել, ուրեմն չենք կարողանա առաջ շարժվել: Թերևս դա ենթադրում է բյուրոկրատական գործընթացների պարզեցում, ինչին մինչ օրս ականատես չենք լինում, հետևաբար որակի բացակայությունն էլ առանձնապես զարմանք չի առաջացնում:

Վերջերս մամուլը ողողված էր մի շարք ոչ պետական բուհերի կողմից կեղծ դիպլոմների տրամադրման մասին լուրերով: Քանի ռեկտոր պատասխան կտան օրենքի առջև, դեռ հայտնի չէ, սակայն արդյո՞ք այս խայտառակության մեջ մեղքը միայն ռեկտորներինն է, թե ԿԳ նախարարությունը վերջնականապես ձեռք է քաշել մասնավոր բուհերից և հենց ԿԳ նախարարության հանցավոր անգործության արդյունքում է, որ վաղը կեղծ դիպլոմներով իրավագետներ և բժիշկներ են մտնելու աշխատաշուկա: Ինչևէ, ԿԳ նախարարությունը դեռևս զերծ է մնում իրավիճակը մեկնաբանելուց, այնպես որ սխալների շտկմանը կարելի է անգամ չսպասել: Արդյո՞ք ԿԳ նախարարությունում գիտակցում են, որ այս երևույթը լուրջ բիծ է գցում ողջ կրթական համակարգի վրա և որ ՀՀ կրթական համակարգի խայտառակ վիճակի թիվ 1 պատասխանատուն հենց ԿԳ նախարարությունն է….

Ստելլա Խաչատրյան