Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալը և ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու նախաձեռնությունը կարծես սառը ցնցուղ էր հայրենի ընդդիմադիր դաշտի համար: Ինչ խոսք, այժմ այդ ընդդիմադիր ուժերը և դաշինքները չեն կարող սահմանափակվել զուտ պոպուլիստական ոճի հայտարարություններով և խոսել այն մասին, որ գնում են խորհրդարան՝ հաղթելու վճռակամությամբ: Վճռականությունը գուցե և ներկա է, սակայն իրավիճակը փոխվել է, և փոխվել՝ ո՛չ ի օգուտ մինչ օրս ձևավորված դաշինքների:


Ծառուկյանի վերադարձը նշանավորել է քաղաքական դաշտի լճացման ավարտը, հանրության մեջ իրական փոփոխությունների նոր հույս է արթնացել, և այն կապված է հենց Ծառուկյանի և այն դաշինքի հետ, որը նա կգլխավորի: Ակնհայտ է, որ այսօր Ծառուկյանի անձնական վարկանիշը շատ ավելի բարձր է, քան ձևավորված բոլոր դաշինքներինը՝ միասին վերցրած: Կարելի է ենթադրել, որ հենց Ծառուկյանի շուրջ է տեղի ունենալու այն լայն կոնսոլիդացիան, որին այդքան սպասում է մեր հանրությունը:


Այդ լայն դաշինքը կարող է կազմված լինել ոչ միայն քաղաքական ուժերից, այլև հանրային ճանաչում ունեցող անհատներից և հասարակական սեկտորի ներկայացուցիչներից: Մի բան ակնհայտ է՝ ընդդիմադիր ընտրազանգվածի քվեների «առյուծի բաժինը» հասնելու է հենց Ծառուկյանի գլխավորած դաշինքին, որն ընտրությունների է գնում՝ բնավ ոչ 5 տոկոս-ի շեմը հաղթահարելու և 3-4 մանդատ ձեռք բերելու համար: Արդեն իսկ ակնհայտ  է այն լրջությունը և մասշտաբները, որով Ծառուկյանը լծվել է նախընտրական պայքարին: Դա է պատճառը, որ ընդդիմադիր մյուս ուժերը լուրջ մտորումների մեջ են այս պահին:

 

Ծառուկյանն ունի ՀՀԿ-ից ավելի շատ ձայն հավաքելու օբյեկտիվ հնարավորություն, և, միևնույն ժամանակ՝ քաղաքական դաշտի ոչ մի այլ խաղացող՝ չունի նրանից ավելի ձայն հավաքելու հնարավորություն: Առկա են նաև սկզբունքային նոր երանգներ և հանգամանքներ: Դրանցից առաջինն, իհարկե, այն է, որ Հայաստանում այլևս չկա նախագահի ընտրություն, Հայաստանն այլևս խորհրդարանական կառավարման մոդելով պետություն է, ինչն իր հետքն է թողնում ներքաղաքական զարգացումների տրամաբանության վրա:

 

Ընդդիմադիր դաշտի արձագանքները երկար չսպասեցրին: Արդեն իսկ հնչում են աջակցության հայտարարություններ, հանրային գործիչները և քաղաքական ակտիվ գործընթացի մեջ գտնվող ուժերը ողջունում են Ծառուկյանի վերադարձը և համագործակցության պատրատակամություն հայտնում: Ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիան հենց այն է, ինչին այսքան ժամանակ սպասել է մեր հասարակությունը: Իսկ Ծառուկյանը օբյեկտիվորեն միակ գործիչն է, որի շուրջ այդ կոնսոլիդացիան կարող է տեղի ունենալ:


Ռացիոնալ գնահատելով սեփական հնարավորությունները, ընդդիմադիր դաշտի մյուս ներկայացուցիչներն ունեն ընդամենը երկու ճանապարհ: Առաջինը՝ միանալ Ծառուկյանի կողմից ձևավորվող դաշինքին և նորընտիր խորհրդարանում զգալի ներկայություն ապահովել, կամ էլ մասնակցել առանձին՝ մասնատելով ընդդիմադիր դաշտը, փոշիացնելով սեփական ձայները և ջուր լցնելով իշխանությունների ջրաղացին:

 

Ստելլա Խաչատրյան