Լոռու մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարապետյանը հանդիպել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքի առջև հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց աշխատավարձերի խնդրին լուծում տալու համար: Վճարվել է 166 մլն դրամ ամբողջ աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների պարտքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադառնալով քիմիական ձեռնարկության հետագա գործունեությանը և ԽՍՀՄ տարիներին աշխատանքի հաջող փորձի մասին հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Այն նախկինում եղել է մեծ երկրի մի հատված, երբ չկար մատակարարման, շուկայի սպառման խնդիր: Այդ պարագայում ձեռնարկությունն ունեցել է գործունեության բնականոն ռեժիմ: Անկախությունից հետո մենք կանգնել ենք այլ խնդիրների առջև, բազմաթիվ փորձեր են արվել, որպեսզի ներդրողը գա, կարողանա այդ բիզնեսը կազմակերպել և հասկանալի է, որ նա պետք է կարողանա այդ ապրանքը վաճառել:Այս ներդրողի մոտ անհաջող օրինակ է ստացվ ել և' օբյեկտիվ, և' սուբյեկտիվ պատճառներով: Այս պահին գործարանում սնանկացման գործընթաց է, ինչը չի կանգնեցնում ներդրող ներգրավելու պրոցեսը: Եթե ներդրողը գա, առաջարկություն ներկայացնի, մենք հասկանանք, որ այդ ներդրումը տրամաբանական է, հերթական ռիսկեր չենք ունենալու, մենք ծրագրերը կքննարկենք»: Կարեն Կարապետյանը գործարանի աշխատակիցներին և մասնագետներին ևս հորդորել է ներկայացնել առաջարկություններ: