ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանն այսօր Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած վճռով դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման:

Դատարանը որոշեց Արսենյանի պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով:

Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա իր ընկերներ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի և գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ միասին 2016թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Աբովյան փող. թիվ 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն:

Գուրգեն Գրիգորյանն ազատազրկվեց 8 ամիս ժամկետով, Արմեն Ներսիսյանը դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման՝ 500 հազար դրամ տուգանքով: