ԼՈւՐԵՐ.com-ի խմբագրություն ահազանգած պայմանագրային զինծառայողը անհանգստացած էր շուրջբոլորը պտտվող այն խոսակցություններից, թե Պաշտպանության նախարարությունը որոշել է դադարեցնել բնակարանի վարձավճարի համար գումար փոխանցել: Նշենք, որ պայմանագրային այն զինծառայողներն, ովքեր իրենց գրանցման վայրից 100 կմ հեռավորության վրա են ծառայում հավելյալ գումար են ստանում` բնակարան վարձակալելու համար: Ամենամեծ գումարը, որ փոխանցվում է` Երևանում վարձակալվող բնակարանների համար է`շուրջ 45.000 դրամ, այսինքն`հնարավոր ամենաէժան բնակարանը վարձակալելու համար:

«Ես մարզից տեղափոխվել եմ Երևան, պայմանագրային զինծառայության եմ անցել այստեղ, և ստանում եմ 120.000 դրամ աշխատավարձ: Երևանում ունեմ փաստացի գրանցում և մինչ այս պահը ՊՆ-ն ամեն ամիս ինձ փոխանցում էր բնակարանիս վարձավճարը՝ շուրջ 45.000 դրամ: Սակայն, հիմա խոսվում է այն մասին, որ այսուհետ նախարարությունն այլևս չի վճարելու այդ գումարը: Ու հիմա հարց եմ տալիս նախարարությանը` 120.000 դրամով ես ինչպե՞ս պահեմ ընտանիքս, և վճարեմ նաև՝ բնակարանի վարձավճարը: Եթե նման որոշում լինի, չի բացառվում, որ շուտով դադարեցնեմ իմ ծառայությունը ՀՀ զինված ուժերում»:

Թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Վերջինս, լսելով մեր հարցադրումը, թե կա՞ նախարարի նման որոշում, ասաց.

«Նախարարն այդպիսի որոշում չունի: Դա նախարարի մակարդակի հարց չէ: Շատ զինվորականներ կարող են տեղափոխվել մարզեր՝ լինի սպա, թե պայմանագրային: Տեղափոխվելով մարզեր զինծառայողը բնակության համար ստանում է որոշակի գումար, որի չափը կախված է բնակության վայրի մոտ կամ հեռու լինելուց: Սանդղակավորում կա, թե որքան վարձավճար պետք է ստանա բնակության համար,-ասաց խոսնակը`ցրելով հարցին վերաբերող մտահոգությունները:

Մենք կապ հաստատեցինք նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի հետ, ով մեզ հետ զրույցում ևս նշեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «Նման բան չկա: Պայմանագրային ծառայողները ծառայությունն անցկացնում են հիմաականում մարզերում,- ասաց Գևորգ Ալթունյանը:

Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ քայլը միտված է պարզապես զինծառայողներին մարզերում պահելու համար, Գևորգ Ալթունյանը պատասխանեց,- «Եթե ուղարկել են Երևան, նշանակում է նպատակահարմար են գտել: Եվ եթե պետք է ծառայի այստեղ, ուրեմն նրան պետք է բնակարան հատկացվի և վարձը փոխհատուցվի: Ինչո՞ւ պետք է նորից ուղարկեն մարզ, այդ մի քանի հազար դրամը տնտեսելու համա՞ր: Այստեղ լոգիկա չկա»:

Սոնա Հարությունյան