Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարման շուրջ, շահագրգռված է պաշտպանության նորագույն համակարգերի ձեռքբերմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով Դավոսում մասնակցում է միջազգային տնտեսական համաժողովին: «Մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների շուրջ: Ձեզ ավելի լավ է հայտնի՝ որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք շահագրգռված ենք հիմնականում ամենաարդիական պաշտպանական սպառազինության ձեռքերմամբ, նոր մշակումներով: Դա վերաբերում է ե՛ւ ուղղաթիռային տեխնիկային, ե՛ւ պաշտպանության համակարգերին՝ ողջ համալիրին: Դա շարունակական գործընթաց է»,- նշել է Ալիևը:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ նման սադրիչ հայտարարություններով Ալիևը փորձում է ահաբեկել հայկական կողմին, ինչը նրան չի հաջողվում: 

 

«Դա իր համար դրական հետևանք չի ունենա: Եթե ուզում է սպառազինություն գնել՝ թող գնի, խնդիրը դրա մեջ չէ: Սպառազինության տեսանկյունից՝ հավասարակշռությունը պահպանված է: Եթե Ադրբեջանը գնի այլ զինատեսակներ, նույնը կունենանք նաև մենք»,- ասաց Բաբայանը: 

 

Հարցին՝ շեշտելով հենց Մոսկվայից սպառազինության ձեռքբերումը, արդյոք Ադրբեջանի նախագահը չի՞ փորձում լարվածություն ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում, մեր զրուցակիցը դրական պատասխանեց. «Բնական է, որ այդ բաղադրամասը ևս կա: Նա փորձում է դրանով հայ-ռուսական հարաբերությունների վրա ստվեր գցել: Բայց կրկնում եմ՝ Ռուսաստանը միշտ էլ զենքի վաճառքի տեսանկյունից տարածաշրջանում պահանել է հավասարակշռությունը: Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է գնում նաև Թուրքիայից, Պակիստանից, Իսրայելից ու մի շարք այլ երկրներից»: 

 

Ըստ Բաբայանի՝ հայկական կողմն այս հայտարարությանը «հիստերիկ» պատասխան չպետք է տա: «Պատասխանն այն է, որ շարունակաբար պետք է ուժեղացնենք և բարձրացնենք մեր զինված ուժերի մարտունակությունը, նորանոր զինատեսակներ ձեռք բերենք, այդ թվում՝ Ռուսաստանից»,- ընգծեց Դավիթ Բաբայանը: 

 

Ապրիլյան դեպքերի կրկնության հավանականությունը, Բաբայանի խոսքով, միշտ էլ կա, այլ խնդիր է, թե ինչքան մեծ է այն: «Ապրիլյան դեպքերը երբ եղան, դրանից առաջ Ադրբեջանը 1994 թվականից պատրաստվում էր. 22 տարի: Այդքան տարի պատրաստվելուց հետո էլ ոչ ճիշտ հաշվարկներ է արել, կարծելով՝ հայությունը բարոյալքված է, միասնականություն չի լինելու, նյութական առումով ավելի հզոր է, քան Մայր Հայաստանն ու Արցախը և փորձել է ինչ-որ ձևով օգտվել առիթից: Բայց սխալվել է չարաչար ու չի կարողացել հասնել իր նպատակին: Հիմա, ցանկացած պահին՝ կա հավանականություն, բայց այն քիչ է, որովհետև նախևառաջ ապրիլին ստացել է համարժեք պատասխան, երկրորդն էլ՝ այդքան հեշտ չէ նորից սկսել պատերազմ, հատկապես՝ մեծ կորուստներից հետո»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը: 

 

Քրիստինա Աղալարյան