Ռիո դե Ժանեյրոյի նահանգում ինքնաթիռի կործանման զոհ է դարձել Բրազիլիայի Ֆեդերալ գերագույն դատարանի անդամ Տեորի Զավասկին, որն զբաղվում էր Petrobras նավթի-գազի պետական ընկերության շուրջը կոռուպցիոն սկանդալի հետաքննությամբ, տեղեկացնում է BBC-ն:


Տեորի Զավասկիի մահվան մասին Facebook-ում հայտնել է նրա որդին: Գերագույն դատարանի ներկայացուցիչը հավաստել է, որ Զավասկիի անունը կա ծովն ընկած ինքնաթիռի ուղեւորների ցուցակում, սակայն հրաժարվել է հետագա մեկնաբանություններից:


Hawker Beechcraft C90GT տուրբապտուտակավոր երկշարժիչ ինքնաթիռը, որը հունվարի 19-ի ցերեկը մեկնել էր Սան Պաուլուից, աղետի է ենթարկվել Պարատի մունիցիպալիտետի մերձակայքում թռիչքից 80 րոպե անց: Օդանավի կործանման վայրում գտել են երեք զոհերի մարմիններ:


Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռը պատկանում էր Emiliano հյուրանոցների հայտնի ցանցին:
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը եռօրյա սուգ է հայտարարել Տեորի Զավասկիի մահվան կապակցությամբ: