Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն օրերս հայտարարեց, որ չի բացառում, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկներ չլինեն: Նշենք, որ տեսախցիկների հարցը երբևէ չի ամրագրվել Ընտրական օրենսգրքում որպես պարտադիր պահանջ, այն մշտապես դիտարկվել է որպես լրացուցիչ պահանջ, և, այս առումով, իշխանություններն ամեն րոպե կարող են հայտարարել, որ տեսախցիկների տեղադրումով իրենք բարի կամք են դրսևորել և ջանացել են, որ այդ գործընթացը հաջողությամբ պսակվի:

Հիմա, սակայն, պարզվում է, որ այդ ջանքերն անօգուտ են եղել, իսկ  այդ նպատակով ԵՄ-ից  հատկացված դրամաշնորհն էլ՝ հօդս կարող է ցնդել:

Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց  ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, ով մեզ հետ զրույցում իր հիասթափությունն արտահայտեց խնդրի առնչությամբ՝ նշելով. «Այն, ինչ հայտարարեց Դավիթ Հարությունյանը,  քաղաքական կամքի խիստ պակասի արդյունք է, և դա չի կարելի կապել ֆինանսների հետ»:

Ըստ տիկին Ալավերդյանի՝ բոլորովին անհիմն են իշխանությունների բերած պատճառաբանություններն այն մասին, թե ցանկությունն առկա էր, պարզապես գործընթացը ձախողվեց. «Դա վստահության կորստի արդյունք է, քաղաքական կամքը հենց այստեղ էր պետք դրսևորել, քանի որ իշխանությունները պայմանավորվածություն էին ձեռք բերել, և պետք է ամեն ինչ անեին, որ դա տեղի ունենար: Ցավալի է, որ այն դիտարկումները, թե այս ընտրությունները ոճի առումով ոչինչ չեն փոխելու, արդարացավ»,-նշեց նա:

Անդրադառնալով մեր դիտարկմանն՝ արդյոք այստեղ առկա չէ՞ կոռուպցիոն ռիսկ, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ոչ միայն կոռուպցիոն ռիսկ կա այստեղ, այլ ավելին՝ սա վստահության հերթական կորստի առիթ է դառնալու»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս դեպքը ցույց է տալիս, որ հասարակության նվաճումները դեռ առջևում են: 

Թեմայի հետ կապված՝ մենք զրուցեցինք նաև  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Վերջինս նշեց, որ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման համար հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում այն մասնակիցը, ով կբավարարեր պայմանները, կտեղադրեր տեսախցիկները: «Հիմա մրցույթի արդյունքում որևէ սուբյեկտ չի ստանձնել այդ պարտավորություններն, ի՞նչ կարող ենք անել: Ես հայտնում եմ, որ այս պահին էլ բանակցություններ են ընթանում և պետք է սպասել վերջնական արդյունքին: Եթե կլինի կազմակերպություն, որը կհամաձայնի ստանձնել այդ պարտավորությունները, պայմանագիրը կկնքվի և, հետևաբար, տվյալ կազմակերպությանը կհանձնվի ԵՄ-ն կողմից հատկացվող դրամաշնորհը»,-ասաց Տիգրան Մուկուչյանը: 

Աղավնի Սուքիասյան