Այս օրերին լրագրողների կողմից հաճախ տրվող հարցին՝ ու՞մ կմիանա «Ելք»-ը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ «Ելք» դաշինքը չի ստեղծվել այսինչին կամ այնինչին միանալու համար: «Ելք»-ը ստեղծվել է միավորելու, ներառական գործընթաց սկսելու համար: Այդ գործընթացն անհրաժեշտ է՝ ընտրությունների միջոցով փոփոխություններ բերելու ու հաղթանակ արձանագրելու համար:

«Եթե մենք չունենանք ուժեղ Հայաստան՝ իր իշխանություններով, իր համակարգերով, իր զարգացած փոխզսպման և հակակշիռների մեխանիզմներով, ապա մենք անընդհատ ունենալու ենք գործադիր իշխանություն, որն իր ամբողջ հնարավորություններն ու սահմանադրաիրավական սահմաններն անցել է ու գրավելու օրենսդիր և դատական իշխանության տարածքները, որի արդյունքում Հայաստանում չենք կարողանում հարգել մարդու իրավունքները, չենք կարողանում ապահովել իրավունքի գերակայություն, չենք կարողանում ապահովել ժողովրդավարություն»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանում հնարավոր է ընտրությունների միջոցով բան փոխել. «Վանաձորը ձեզ օրինակ, ՀՀԿ-ին դարձրել ենք չամչի գրավ Վանաձորում: Առաջին անգամ ՀՀԿ-ն իր համամասնական նորաստեղծ ընտրակարգով փոքրամասնություն է ՀՀ երրորդ քաղաքում: Սա է ընտրության ճանապարհը և այն պետք է կիրառել մեծ մոդելով»: