Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը նիստ էր գումարել եւ քննարկել ընտանիքի կողմից, մեղմ ասած, անտարբերության մատնված 2-ամյա Ալենի ճակատագիրը: Երեւանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որոշել են երեխայի մորը երեք օր ժամանակ տալ' շտկվելու համար, իսկ դրանից հետո մարտի 1-ին կայանալիք նիստում վերջնական որոշում կկայացնեն:

Իդա Խաչատրյանը նշեց, որ նախեւառաջ մայրը պետք է տունը կարգի բերի, երկրորդ քայլն այն է, որ նա համաձայնի գնալ անվճար բուժման եւ երրորդն' աշխատանքի տեղավորվի: Իդա Խաչատրյանը նշեց, որ քաղաքապետարանը նրան աշխատանք է առաջարկել կոմունալ վարչությունում կամ կանաչապատումում, կարող է դրանցից մեկնումեկն ընտրել: «Եթե այդ ամենն արեց, ընտանիքը կմնա վարչական շրջանի, մեր հսկողության տակ, եթե չարեց, երեխան կտեղափոխվի Հայ օգնության ֆոնդի կենտրոն: Իսկ հաջորդ քայլը կլինի դատարան մտնել եւ սահմանափակել նրա ծնողական իրավունքները, բայց դա դեռ քննարկման փուլում է»,- նշեց նա' հավելելով, որ մորը եռօրյա ժամկետ է տրվել, քանի որ մարտի 1-ին կկայանա հանձնաժողովի վերջնական նիստը:

Իդա Խաչատրյանն ասաց, որ ընտանիքին տրվել է սոցիալական աջակցություն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Փրկենք Ալենին» խմբի անդամները գումարով են օգնել, սննդամթերք եւ կահույք են գնել, իսկ վարչական շրջանը մեքենա է ուղարկել, որ աղբը տնից հանեն: Ինչպես նաեւ, ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այս երեք օրվա ընթացքում անընդմեջ այցելելու է ընտանիքին, հսկողություն է լինելու:

Նշենք, որ 2 տարեկան Ալենը ապրում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում' Դրոյի 62 հասցեում' մոր եւ էպիլեպսիայով տառապող տատիկի հետ, ով հոգեմետ դեղեր է ընդունում: Ալենի մայրը 28 տարեկան է, փաստացի ամուսնացած է եղել, երեխայի հայրը այս պահին չկար, բայց հանձնաժողովի նիստին ներկա պոլիկլինկայի ներկայացուցիչը ասել է, որ երեխային պատվաստումների բերելիս նրա հետ այցելում էր մի տղամարդ, ենթադրվում է, որ նա կենսաբանական հայրն է: Քաղաքապետարանի աշխատակիցը նշեց, որ երեխան ստոմատիկ եւ այլ հիվանդություններ, վարակներ չունի, ընդամենը ունի գերգրգռվածություն: Նա նշեց, որ երեխայի վիճակը նորմալ է, սննդով ապահովված է, մայրն էլ սթափ վիճակում է:

Նշենք, որ «168 ժամ» թերթն անդրադարձել էր Ալենի պատմությանը: Թերթի թղթակցի' ընտանիքին այցելության ժամանակ, երեխան՝ Ալենը, ուղիղ մեկ ժամ ցրտից անշարժացած գամվել էր բազմոցին և ընդհանրապես որևէ շարժում կատարելու ունակ չէր: Չնայած երեկոյան ժամ էր, երեխան ոչինչ չէր կերել, իսկ մայրը երկար ժամանակ տունը չէր եւ չէր հաջողվել նրան տեսնել: Տանը' խոհանոցի սեղանի տակ, հայտնաբերել էին ալկոհոլի դատարկ շշերը:Դրոյի 62 հասցեի բնակիչները թերթի հետ զրույցում պատմել էին, որ Ալենի մայրը՝ Նարինեն, եւ տատիկը՝ Անահիտը, երեխայի խնամքով չեն զբաղվում, նրան մատնել են անտարբերության, եւ միակ խորհուրդը, որ մեզ տալիս էին՝ «Երեխուն փրկեք, մեղք ա…»: Նրանք նաեւ նշել են, որ այդ տունը հարբեցողների, անբարոյականների որջ է, եւ պետք է երեխային շտապ հեռացնել նրանցից: