ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջին օրերին ատոմակայանի աշխատանքի խափանման վերաբերյալ շրջանառվող լուրերին, նշեց, որ ատոմակայանի հետ կապված՝ որևէ խնդիր չի եղել. «Դա ատոմակայանի խնդիրը չէր, դա, ընդամենը, ենթակառուցվածքների հետ կապված խնդիր էր: Ատոմակայանի աշխատանքի այդ խափանումն ապացուցեց, որ ատոմակայանի աշխատանքի հետ կապված որևէ խնդիր չկա և բոլոր պաշտպանական ստորաբաժանումները կանոնավորված են աշխատում»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ նմանատիպ վթարներ լինում են, իսկ համապատասխան վթարների վերացման հետ կապված տեխնիկական աշխատանքները տարվում են բարձր մակարդակով:  

 

Խոսելով Իրան-Հայաստան գազատարի և Հայաստանին մատակարարվող իրանական գազի ծավալների ավելացման վերաբերյալ բանակցությունների մասին՝ փոխնախարարը նշեց. «Իրան-Հայաստան գազատարի հետ կապված բանակցությունները երբեք էլ չեն ավարտվել, իսկ Հայաստանին մատակարարվող գազի ավելի էժան սակագնի հետ կապված մանրամասներ այս պահին չեմ կարող նշել»:

 

Լրագրողի դիտարկմանն՝ արդյոք փոխնախարարը ծանո՞թ է «Գազպրոմ»-ի և Վրաստանի միջև կնքված գազի տարանցման նոր պայմանագրին, փոխնախարարը նշեց. «Պայմանագրին ծանոթ չեմ»: 

 

 

Աղավնի  Սուքիասյան

Նարեկ Ավանեսյան