Ազգային ժողովի մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայությունն անհարգելի համարելու մասին որոշման կայացումը կվերապահվի ԱԺ էթիկայի հանձնաժողովին: Ինչպես այսօր խորհրդարանի նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունները ներկայացնելու ժամանակ հայտարարեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, այս գործառույթի վերապահումը Էթիկայի հանձնաժողովին պայմանավորված է այն հանգամանքով, որ այն անկախ և անկողմնակալ մարմին է, որում ներկայացված են Ազգային ժողովում առկա բոլոր քաղաքական ուժերը:

Ըստ Հարությունյանի՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, թե նիստերից բացակայությունը երբ է հարգելի համարվում, օրինակ՝ պատգամավորի հիվանդության, գործուղման, ձերբակալված լինելու դեպքերում, իսկ անձնական դեպքերում պատգամավորը պետք է պատճառների մասին 4 օրում տեղեկացնի ԱԺ նախագահին:

«Ծագում է մի կարևոր հարց՝ քանի՞ անգամ կարելի է, որ ԱԺ նախագահը հարգելի համարի անձնական պատճառը: ԱԺ նախագահին անհարմար դրության մեջ ենք դրել»,- ասաց Դ. Հարությունյանը՝ հավելելով, որ փոփոխություններով որոշ սահմանափակումներ են մտցվում՝ 10 օրից ավելի բացակայությունների դեպքում ԱԺ նախագահը չի կարողանա «ներել», և հարցը կքննի Էթիկայի հանձնաժողովը:

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը հետաքրքրվեց՝ իսկ կարիք չկա՞ կանոնակարգելու այն հարցը, երբ պատգամավորներն առավոտյան գալիս, գրանցվում են ու գնում:

Դ. Հարությունյանը հայտարարեց, թե դեռ ոչ մի խորհրդարան «չի գնացել այդքան հեռու, որ պահանջի մշտապես գտնվել ԱԺ դահլիճում»: