Կառավարությունը 2017թ. կենսաթոշակ ու նպաստ չբարձրացրեց, սակայն փոխարենը քաղաքացիներին ծառայությունների հասանելիություն է խոստանում: Սոցիալական ոլորտում քայլ առ քայլ ներդրվում է փաստաթղթերի ներկայացման առցանց եղանակը: Սա, ըստ պատասխանատուների, կհեշտացնի ՀՀ շարքային քաղաքացիների կյանքը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց կդառնա: Սոցիալական ոլորտն ամենախոցելին է, ու պատահական չէ, որ պետական բյուջեի սուղ միջոցների առյուծի բաժինը հենց այս ոլորտին է հատկացվում։ Պատճառը պարզ է՝ մեր երկրում, պաշտոնական տվյալներով, աղքատ է բնակչության 29,8 տոկոսը:

Աշխատանքի և սոցիալական ապահովության նորանշանակ նախարար Արտեմ Ասատրյանը կարծես ամբողջությամբ լծվել է իր պարտականությունները կատարելու գործին: Մեկ ամիս առաջ կառավարության նիստում վարաչապետից ստացած հանձնարարականների մի ամբողջ շարք վերաբերում էր հենց իր ոլորտում ակնկալվող փոփոխություններին: Այն, որ սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ՝ պետական ծրագրերի ամբողջ հատվածում՝ փաստ է, սակայն արդյո՞ք իրականացվող ծրագրերի արդյունավետությունը զգում են հանրության լայն շերտերը և հատկապես այն թիրախային խմբերը, որոնց հետ և որոնց համար նախարարությունն ամենօրյա աշխատանքներ է տանում:

Նորանշանակ նախարարը կարծես բռնել է բարեփոխումների ուղին: Սակայն անելիքներն էլ պակաս չեն: Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություններում էվոլյուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից: Չմոռանանք նաև, որ ամիսներ առաջ Սոցապ նախարարությունը հայտնվել էր սկանդալի կիզակետում: Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը, նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը:

Այս իրադարձությունները, անշուշտ, ստվեր գցեցին ողջ նախարարության գործունեության վրա: Սակայն նախարարին պետք է մտահոգեր այն փաստը, որ հասարակության համար դեպքերի նման ընթացքն ավելի քան սպասելի էր: Իսկ պատճառը ոլորտում տարիների ընթացքում արձանագրված անարդարություններն էին և կոռուպցիոն երևույթները, որոնք մինչ օրս էլ արմատախիլ չեն արվել համակարգից: Այս պարագայում, երբ չեն վերացվում խնդրի առաջացման պատճառները, արդյո՞ք տեղին է խոսել ոլորտի համակարգային բարեփոխումների մասին:

Անհրաժեշտ է՝ գնահատելով կարիքը, նախատեսել ծառայությունների փաթեթը և ըստ այդմ՝ ապահովել ծառայությունները՝ անկախ հաշմանդամություն ձեռք բերելու հանգամանքից: Սա կարևոր ու սկզբունքային մոտեցում է: Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունում չեն կարող չգիտակցել, որ չափորոշիչների ոչ հստակ լինելը, մեկը մյուսի մեջ ներառված լինելը միշտ էլ ռիսկերի հնարավորություն է տալիս: Կարևորվո՞ւմ է արդյոք նախարարության կողմից սոցիալապես անապահովների համար նախատեսված նպաստների տրամադրման արդյունավետության և հասցեականության բարձրացումը: Իրականացվո՞ւմ է արդյոք անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության արմատական վերանայում՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը, հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին ուղղելով սկզբունքային մոտեցումներ: Եթե ոչ, ապա համակարգային բարեփոխումների մասին խոսելն առնվազն պոպուլիզմ է մի երկրում, որտեղ գործազրկությունը գնալով աճում է, իսկ սոցիալական ապահովության աստիճանը՝ նվազում: Սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ օգնությունը երբեք չբերի չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների, առաջին հերթին հասնի ամենակարիքավորներին, չաղավաղի սոցիալական արդարությունը:

Ստելլա խաչատրյան