ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում' կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած-կտրած վնասվածքներով:

 

Նախնական քննության տվյալներով' Ա.Սուրմենելյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է իր ծանոթի տանը հյուրընկալվելիս: Վերջինս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակի գործադրմամբ երկու հարված է հասցրել Ա.Սուրմենելյանի կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նա մահացել է:

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա' տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան' մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: