Որքան էլ ցավալի է, փաստ է, սակայն, որ «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված անհասկանալի իրավիճակը ոչ մի կերպ այդպես էլ չի հաջողվում հասցնել իր տրամաբանական եզրագծին՝ չնայած այն հանգամանքին, որ խնդիրն այս՝ ոչ միայն տնտեսական հսկայական նշանակություն ունի Հայաստանի պես թույլ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրի համար, այլև առնչվում է մեծ թվով քաղաքացիների, որոնք, փաստացի, ելնելով կառավարության անգործությունից ու սույն խնդրին «մատների արանքով նայելու» իրողությունից, հայտնվել են խիստ ծանր վիճակում:


Հունվարի 23-ին, ինչպես հայտնի է, նաիրիտցիների համակարգող խումբը կազմակերպել էր բաց քննարկում՝ գործարանի խնդիրների վերաբերյալ։ Նման քննարկման կազմակերպումը, թերևս, կոչված էր ու նպատակ ուներ՝ պատկան մարմինների ուշադրությունն այս խիստ կարևոր խնդրին հրավիրելու ու վերջապես բարձրաձայնելու այն պրոբլեմները, որոնց առաջ ներկա պահին նաիրիտցիները գտնվում են: Պետք է նշել, որ ի թիվս մի շարք կազմակերպությունների ու կուսակցությունների, հանդիպման հրավերներ հղվել էին նաև վարչապետի խորհրդական Էդուարդ Ներսիսյանին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, սակայն, որքան էլ կարող է անտրամաբանական հնչել, պետական կառույցների ներկայացուցիչները չէին բարեհաճել իրենց մասնակցությունը բերել արդյունաբերական հսկայի առջև առկա խոչընդոտների վերացման և գործարանի արդիականացման հարցերի շուրջ կազմակերպված բաց քննարկմանը։


Թե ինչով կարող էր պայմանավորված լինել կայացած քննարկման նկատմամբ ՀՀ կառավարության անտարբերությունը, թերևս, այնքան էլ դժվար չէ կռահել. եթե ոչ մի ասելիք չունեին, էլ ի՞նչ իմաստ ուներ՝ իրենց ծանր տեղը թեթևացնեին, գային: Չէ՞ որ իրենք էլ են հրաշալիորեն հասկանում, որ ստեղծված իրավիճակի բուն մեղավորները հենց իրենք են, իսկ, ասենք, որոշ ժամանակ առաջ վարչապետի նախաձեռնությամբ ստեղծված «Նաիրիտ»-ը լուծարելու հանձնաժողովը ոչ այլ ինչ է, եթե ոչ կատարյալ դավադրություն՝ ընդդեմ Հայաստանի տնտեսության երբեմնի լոկոմոտիվը հանդիսացած հսկայի դեմ: Ինչպես քննարկմանն իր մասնակցությունը բերած «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ Գևորգ Պետրոսյանն էր իր հնչեցրած ելույթում դիպուկ կերպով նկատել, «Նաիրիտ»-ը չվերագործարկելու հարցում առկա է բացառապես կամ գլխավորապես պետական կամքի բացակայության խնդիր, ու նման գիգանտի լուծարումը բացարձակապես չի կարող համապատասխանել երկրում ահագնացող արտագաղթը կանխելու, զբաղվածության աճին միտված արդյունավետ քաղաքականություն վարելու և մեր երկրի դեմոգրաֆիական իրավիճակը փրկելու՝ կառավարության խոստումներին:


Եվ իրոք, եթե մի պահ սթափ հայացք նետենք սույն խնդրին ու փորձենք հասկանալ կառավարության բերած պատճառաբանություններն առ այն, թե ինչու է որոշում կայացվել լուծարել Նաիրիտը, պարզ կդառնա, որ իրականում՝ բերված փաստարկներն այնքան էլ համոզիչ չեն, իսկ այն պնդումը, թե կառավարությունը չի վերագործարկելու «Նաիրիտ»-ը, քանի որ դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ չունի, չի կարող բացատրել այն, թե ինչու, այնուամենայնիվ, նույն կառավարությունը ոչինչ չի անում՝ խրախուսելու ներդրումային քաղաքականությունն այն պարագայում, երբ հայտնի է, որ ներդրող՝ իրականում կա, որի առաջ, սակայն, շարունակաբար արհեստական խոչընդոտներ են ստեղծում: Հարց է ծագում՝ ինչի՞ն է այս ամենով իրականում ձգտում հասնել ՀՀ կառավարությունը:


Ինչպիսի հայտնի կամ անհայտ պատճառներ էլ լինեն Կառավարության վարքագծի հիմքում, անկասկած է, որ այն որևիցե կերպ արդարացված չի կարող համարվել: Միայն այն, որ կուսակցություններն ու քաղաքական ուժերն են փորձում իրենց հնարավորությունների շրջանակներում խնդրին մասշտաբայնություն հաղորդել ու բարձրաձայնել հազարավոր մարդկանց հուզող կարևոր սոցիալ-տնտեսական նշանակություն ունեցող այս խնդիրը, վկայում է այն պարզ իրողության մասին, որ իրականում իշխանությունները ոչ մի կերպ շահագրգռված չեն գործարանի վերագործարկմամբ՝ չնայած այն իրողությանը, որ այն կարող էր հսկայական քայլ դառնալ լճացած արդյունաբերությունը ճահճից դուրս բերելու ճանապարհին: Ինչո՞ւ: Այս հարցը, թերևս, պետք է ուղղել ճիշտ հասցեատերերին...

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ