ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարի հրավերով Բեռլին կատարած եռօրյա այցի շրջանակում մասնակցել է «Գյուղատնտեսությունը և ջուրը՝ բանալի աշխարհը սնուցելու համար» խորագրով գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովին, «Բեռլինյան կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսին, ինչպես նաև մի շարք հանդիպումներ է ունեցել: 
Հունվարի 21-ին տեղի ունեցած գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովի մասնակիցները, որոնց կազմում էին աշխարհի ավելի քան 80 երկրների գյուղատնտեսության նախարարներ, անդրադարձել են գյուղատնտեսության բնագավառում ջրի կայուն օգտագործման և կառավարման խնդրին, կարևորվել են նաև ջրի հասանելիության, խնայողատար տեխնոլոգիաների կիրառման, սուբսիդավորման նվազեցման հարցերը: Համաժողովի արդյունքում գյուղատնտեսության նախարարների կողմից ընդունվել է համատեղ կոմյունիկե և կոչ է արվել մասնակիցներին ազգային մակարդակներում իրագործել առաջարկված գործողությունները:
Ֆորումի շրջանակներում կայացել են Իգնատի Առաքելյանի հանդիպումները Լիտվայի գյուղատնտեսության նախարար Բրոնիուս Մարկաուսկասի, Սլովենիայի գյուղատնտեսության նախարար Դեջան Ժիդանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջպետական հարաբերությունների և գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Գրացիանո դա Սիլվայի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊԳԿ-ի կողմից իրականացվող և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:
Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարարի խորհրդարանական պետքարտուղար Պետեր Բլեզերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Պետեր Բլեզերը նշել է, որ հունիսին պատրաստվում է այցելել Հայաստան` տեղում ծանոթանալու երկու երկրների միջև գործակցության առկա հնարավորություններին: 
Հանդիպումներ են կայացել գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների արտադրությամբ մասնագիտացած «ԿԼԱԱՍ», «Ջոն Դիր» և «Գրիմմե» գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից ներկայացվել է ծրագրային առաջարկ Հայաստանի գյուղտեխնիկայի վերազինման և արդիականացման վերաբերյալ: 
Այցի շրջանակում Իգնատի Առաքելյանը հանդիպել է նաև Գերմանիայի Վայհենշտեֆան–Տրիսդորֆի գյուղատնտեսական համալսարանի միջազգային կառավարման ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Յոհաննես Հոլցերի հետ, ինչպես նաև մասնակցել է «Բեռլինյան կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որտեղ առանձին տաղավարով «Անիլենդ» կազմակերպության կողմից ցուցադրվել են նաև հայկական արտադրության կոնյակը և գինիները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին