Հայաստանյան քաղաքական ընտրությունները մի շատ հետաքրքիր առանձնահատկություն ունեն. դրանք կարողանում են պարբերաբար «ջրի երես դուրս բերել» այն բոլոր համակարգային թերություններն ու արատները, որ բնորոշ են ժամանակակից Հայաստանի ներքին կյանքին: Պետք է նկատել, որ այս իմաստով 2017թ-ի ապրիլյան ընտրություններն, իրապես, բացառիկ են:

Մեր երկրում իշխող ծանրագույն բիզնես միջավայրի մասին հյուսվող լեգենդներն ու առասպելներն, ինչպես հայտնի է, անվերջ են. հանուն ճշմարտության պետք է նկատել, որ դրանք գրեթե հարյուր տոկոսով համապատասխանում են իրականությանը. վերահսկողությունից դուրս մնացած մոնոպոլիաներ, հովանավորչություն, թայֆայական բարքեր ու էլի նմանատիպ «համադամ» երևույթներ: Թե ինչու իշխանություններն այդպես էլ այս ամենի առաջը չեն առնում, ինչու համապատասխան քաղաքական կամք ու վճռակամություն չեն ցուցաբերում՝ մեկընդմիշտ վերջ տալու նմանօրինակ վատթար բարքերին, Հայաստանը ձերբազատելու, ասենք, նույն գերիշխող ՀՀԿ-ի հետ սերտագույն առնչություններ ունեցող փողատերերի կամայականություններից, հնչող վարկածներն ու հայտնած տեսակետները շատ են՝ սկսած իշխանությունների՝ ժողովրդի նկատմամբ դրսևորած տարրական չկամությունից, մինչև օբյեկտիվ գործոններ:

Ակնհայտ է, սակայն, որ Հայաստանում վաղուց արմատացած վատթար երևույթների հիմքն ավելի շատ քաղաքական է, քան՝ տնտեսական, քանի որ, եթե քաղաքական իշխանությունը ոչինչ չի անում՝ տնտեսական դաշտում եղանակ ստեղծողներին ժամանակ առ ժամանակ կարգի հրավիրելու, «թափ տալու» համար, նշանակում է՝ ստեղծված իրավիճակը նախևառաջ ձեռնտու է հենց վերևներին:

Հարց կարող է բարձրանալ՝ հատկապես ինչո՞ւմ են շահագրգռված հայաստանյան իշխանություններն, երբ միանգամայն դիտավորյալ կերպով ձեռնպահ են մնում իրենց մերձավոր շրջապատի բիզնեսմեններին ու փողատերերին կարգի հրավիրելուց: Պատասխանը կարող է լինել մեկը. պատճառը՝ սեփական իշխանությունը հարատև դարձնելն է նույն այդ փողատերերին սանձելու կամ կառավարելու միջոցով, իսկ նույն այդ օլիգարխների ապօրինությունները միմիայն հզորացնում են իշխանությունների՝ նրանց նկատմամբ ունեցած լծակներն ու է՛լ ավելի կախյալ վիճակում դնում իշխանություններից: Կասկած լինել չի կարող այն բանում, որ իրականում մեր երկրի քաղաքական իշխանություններին ազնվության մարմնացում հանդիսացող բիզնեսմեններ երբեք ու երբեք պետք չեն. օրինավորներին երբեք չես կարող ստիպել՝ ընտրությունից ընտրություն ասենք ՀՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանել կամ հովանավորել ընտրարշավներ:

Իսկ ի՞նչը կարող է ստիպել իշխանություններին յուրային օլիգարխներին կամ նրանցից գոնե մեկին սաստել կամ տհաճ ուղերձներ հղել՝ ասենք կազմակերպելով ստուգումներ նրան պատկանող խանութներում: Ամենայն հավանականությամբ՝ նրա կողմից ինչ-ինչ նախնական պայմանավորվածությունների խախտումը՝ այդ թվում և քաղաքական. ով իրեն խելոք չի պահում, ով փորձում է սեփական հասակից վերև ցատկել, նրան անմիջապես սանձում են ու հիշեցնում թույլ տված ապօրինությունների մասին, իսկ ահա սովորական օրերին նախընտրում լռել:

Այնպես որ՝ ի գիտություն Հայաստանի զարգացման բանալու փնտրտուքով բոլոր տարվածներին՝ քանի դեռ հաստատված խաղի կանոնները մնում են անձեռնմխելի, ինչ-որ հույսեր կապել Հայաստանի պայծառ ապագայի հետ, ոչ մի կերպ չի ստացվի. եկե՛ք իրատես լինենք...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ