ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակներում՝ Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, որի ժամանակ կքննարկվի հայ-ռուսական համագործակցության օրակարգը: Կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը, ինչը կնպաստի տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

Ռուսաստանի հետ հարաբերությունները վերածվել են չարիքի և Հայաստանի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքի: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Մեր դիտարկմանը՝ Կ.Կարապետյանի և Դ.Մեդվեդևի հանդիպումն ու քննարկումները կնպաստե՞ն հայ-ռուսական փոխհամագործակցության ամրապնդմանն ու խորացմանը, քաղաքագետը նշեց, որ ինքն այստեղ դրական ոչինչ չի տեսնում. «Ի՞նչն են ուզում ամրապնդել և ի՞նչն են ուզում խորացնել: Այս սպառնալիքը, եթե ուզում են խորացնել ու ընդլայնել, ապա ես այստեղ դրական ոչինչ չեմ տեսնում: Հիմնավորեմ՝ Ռուսաստանը վաղը կանգնելու է սնանկացման եզրին, Ռուսաստանի բոլոր պահուստային ֆոնդերում 100 միլիարդից պակաս փող է մնացել, որը շուտով կսպառվի: Ընդ որում, սա ռուս տնտեսագետների գնահատականն է, որը մամուլով հրապարակվել է և չի հերքվել: Ռուսական տնտեսությունը կախված է մի խողովակից, նավթի գներից, իսկ նավթի գները չեն բարձրանալու, հետևապես, մենք վաղը կանգնելու ենք փաստի առաջ»:

Ռուբեն Մեհրաբյանը կարծիք հայտնեց, որ այսօր մենք պետք է մտածենք՝ ի՞նչ ենք անելու հետռուսական ժամանակաշրջանում, ոչ թե մտածենք այդ հարաբերությունները խորացնելու մասին: Առանց այն էլ հարաբերություններն այնքան խորացված ու ընդլայնված են, որ հայտնվել ենք խորը ու լայն փոսի մեջ ու հիմա հարկավոր է մտածել այդ փոսից դուրս գալու մասին:

Քաղաքագետը չի հասկանում՝ վարչապետի այցի իմաստը և չի պատկերացնում՝ ի՞նչ պետք է փոխի այդ այցը և ինչո՞ւ. «Հայաստանում մոտեցումները չեն փոխվում: Մենք տեսնում ենք, որ իշխանությունը քաղաքական իմաստով որևէ եզրակացություն չի արել: Քաղաքական պատասխանատվությունը ձգտում է զրոյի: Իշխանությունները կարճաժամկետ հեռանկարից բացի՝ այլ բանով բացարձակապես չեն հետաքրքրվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չկա ռազմավարություն, իսկ եղած մարտավարությունն էլ կապվում է Ռուսաստանի քմահաճույքների հետ:

Սոնա Հարությունյան