«Մարտիկ» հաղորդաշարը, որը 23 տարի եթեր էր հեռարձակվում, այլևս չի ցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում։ Հաղորդման փակվելու հետ կապված հիմնավորումներ և մեկնաբանություններ, սակայն, ոչ ոք չտվեց: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հաղորդաշարի փակվելն անմիջական կապ ունի «Մարտիկ»-ի՝ Նոր տարվա տոներին ցուցադրված հաղորդման հետ: Նշենք, որ հաղորդումը եթեր հեռարձակվելուց հետո համացանցում տարածվեց «Մարտիկ» հաղորդման տոնական թողարկումը, որտեղ ներկայացված էր մտավորականների այցը՝ սահմանամերձ զորամաս: Մտավորականների շարքում էին դերասան Վարդան Պետրոսյանը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, Եղիշե Պետրոսյանն ու այլոք: Հաղորդման ընթացքում դերասան Վարդան Պետրոսյանը հայ դիրքապահների մոտից կոչերով դիմում էր ադրբեջանցի դիրքապահներին: Դերասանի այս արարքը բուռն քննադատության արժանացավ սոցիալական ցանցերում:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ: Սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց նրա օգնականը՝ Արենը, և ըստ երևույթին, լսելով՝ լրատվականից են անհանգստացնում իրենց, խնդրեց մեկ ժամից զանգահարել և խոսել պարոն Ջաղինյանի հետ: Վերջինիս հետ կապ հաստատելու մեր համառ ջանքերը, սակայն, այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին. հեռախոսազանգերին այդպես էլ պատասխանող չեղավ:

Փաստորեն, Ռուբեն Ջաղինյանը խուսափում է շփվել լրագրողների հետ, ինչն իր պաշտոնը զբաղեցնող մարդու համար պարզապես անհասկանալի մոտեցում է: Դե, իհարկե, լրագրողները վաղուց սովորել են չինովնիկական այդ մոտեցման հետ, սակայն պետք է նշել, որ խիստ անհրաժեշտություն էր այսքան լայն արձագանք ունեցած իրադարձության շուրջ մեկնաբանություն տալ: Մի կողմից էլ՝ հասկանալի է՝ Ջաղինյանը հո գիտի, որ յուրաքանչյուր մեկնաբանություն կարող է աշխատել իր դեմ, ի՞նչը կարող է արդարացնել նման որոշումը, եթե ոչ ավելի լավ նախագիծ ստեղծելը: Հուսանք՝ ականատես կլինենք «Մարտիկ» հաղորդաշարից որակով մեկ այլ հաղորդման, որը կլրացնի «Մարտիկ»-ի թողած բացը:

Նշենք, որ «Մարտիկ» հաղորդաշարի ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ Ռ. Ջաղինյանից պահանջելով պատասխանել իր հարցերին (գրառումները կարդացեք այստեղ և այստեղ)

Հավելենք նաև, որ հաղորդման ցուցադրությունից օրեր անց «Մարտիկ» հաղորդաշարի ռեժիսոր Արման Վարդանյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով. «Վարդան Պետրոսյանի աղմկահարույց տեսարանն առաջնագծում չի նկարվել, հատկապես' «ղարաբաղա-ադրբեջանական»: Հաղորդման միայն այդ տեսարանն է բեմադրված, կրկնում եմ' ո՛չ դիրքերում, մնացածը դոկումենտալ է: Անկեղծ շնորհակալ ենք Վարդան Պետրոսյանին, ում մեծ դժվարությամբ կարողացանք համոզել, որ մասնակցի ամանորյա այս կատակին»:

Սոնա Հարությունյան