«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը գրեթե մեկ ամիս տևած հացադուլից հետո առողջական խնդիրներ ունի:

 

Երկու օր առաջ, Ներսես Պողոսյանի փաստաբանը հայտնել էր, որ եթե առաջիկա երկու օրվա ընթացքում իր պաշտպանյալի առողջական վիճակը չփոփոխվի, ապա միջնորդություն կներկայացնեն նրան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ներսես Պողոսյանի պաշտպանյալ Արայիկ Պապիկյանն ասաց, որ երեկ տեսակցել է Ներսեսին. «Նա ավելի դժվար էր տեղաշարժվում, ոտքերի խնդիրը ավելի էր խորացել»:

 

Հանդիպման ժամանակ Ներսեսը հավաստիացրել է, որ բժիշներն հաճախակի են այցելում, զննում, դեղորայքային բուժումներ են կատարում: Փաստաբանն առաջարկել է նրա համաձայնությամբ միջնորդել այլ բուժհաստատություն տեղափոխելու համար, սակայն Ներսեսը հրաժարվել է. «Գլխացավերից, ճնշման խնդիրներից, սրտի աշխատանքից թեև գանգատվում էր, բայց ասում էր, որ բողոք չունի, չի ցանկանում այլ բուժհաստատություն տեղափոխվի»,- ասաց Արայիկ Պապիկյանը՝ ավելացնելով,- «այդուհանդերձ, կարծում եմ, որ առնվազն ոտքերի /տեղաշարժվելու/ խնդիրը լուրջ է»:

 

Նշենք, որ արդեն 8 ամիս կալանավայրում գտնվող Ներսես Պողոսյանը պահանջում է փոխել իր խափանման միջոցը՝ կիրառելով ստորագրություն կամ գրավ: Նա մեղադրվում է կազմակերպված խմբում լինելու համար:

 

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելը, փոխադրելը, պահելը:

 

Սոնա Հարությունյան