ԼՈւՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ այսօր Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ամփոփեց ՊՆ-ում իր աշխատանքի 118 օրը:

 

Նախարարի խոսքով՝ կարևոր էին իր երկու այցելությունները ՊԲ, ՀԱՊԿ խորհրդի նիստը Երևանում, պաշտոնական այցը ՌԴ, Հունաստան և այլն: Նրա խոսքով՝ առաջիկայում այցելելու է նաև Իրանի Հանրապետություն:

 

Սարգսյանը նշեց, որ իր համար կարևորագույն խնդիր են ռազմական վարժարանները, ուսումնական կենտրոնները, այդ իսկ պատճառով իր պաշտոնավարումը սկսել է ռազական ուսումնարաններին ուշադրություն դարձնելով. «Ես ասել եմ՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը պետք է դարձնել ամենառաջատար և ուժեղ դպրոցը, քանի որ սպայական կազմը հիմնականում այնտեղից է գալիս»:

 

Նախարարը շեշտեց, որ իրենց համար շատ կարևոր է գնումների գործընթացը:

 

«Այժմ պետք է աշխատել շիտակ, լիարժեք ու որակով, հակառակ դեպքում՝ մենք կկիրառենք բոլոր հնարավոր սանկցիաները: Եթե դու փորձում ես խնդիրը լուծել դարպասապահի կարգավիճակով, ապա միշտ էլ բաց ես թողնելու կոռուպցիոն երևույթներ: Դրա համար՝ մենք փոխելու են գործընթացը: Պատժի տեսակները լինում են տարբեր՝ տուգանք, հարուցված քրեական գործ և պետք չէ տարբերակել ու առանձնացնել որևէ մեկը: Մենք յուրաքանչյուր բացահայտված դեպքի հետևից գնալու ենք»,- մանրամասնեց նախարարը:

 

Զինվորական համազգեստի փոփոխության մասով նախարարը նշեց, որ դա շատ կարևոր է զինվորների համար. «Ես ուզում եմ հայկական զինվորական կոշիկները լինեն բրենդ, որպեսզի այն հագնեն ոչ միայն զինվորականները, այլև քաղաքացիական անձինք: Մեր նոր պատվիրած կոշիկները տարբերվելու են որակով, կաշվի մասն ավելի շատ է:

 

Բանախոսի խոսքով՝ իրենք կարողացել են ընդլայնել կապը հասարակության հետ, թեժ գիծը շատ ինտենսիվ սկսել է իր աշխատանքը, օրական հարյուրավոր զանգեր են ստանում, նախարարության պաշտոնական կայքը ևս թարմացման փուլում է:

 

«Մենք կարճ ժամանակում համաձայնության ենք եկել Թումո կենտրոնի հետ, Ստեփանակերտի և Դիլիջանի զորամասերում սկսել ենք պիլոտային ծրագիր: Ժամկետային ծառայությունը չպետք է լինի միայն հայրենիքին ծառայելը, այլ հասարակության հետ շփումը, գիտելիքների ավելացումը, կայացումը և այն»,- ներկայացրեց Վիգեն Սարգսյանը:

 

Քրիստինա Աղալարյան