ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ամերիկացի երգչուհի Մադոննայի այն սկանդալային հայտարարությունները, որոնք նա իրեն թույլ է տվել հունվարի 21-ին՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում անցկացված «կանանց երթի» ժամանակ:

 

Ինչպես հայտնել է The Telegraph թերթը, վկայակոչելով Fox News հեռուստաալիքին տված Թրամփի հարցազրույցը, ԱՄՆ-ի 45-րդ նախագահը երգչուհուն համարում է գարշելի:

 

«Անկեղծ ասած՝ նա գարշելի է: Կարծում եմ՝ նա լրջորեն վնասեց ինքն իրեն: Նա վնասեց այդ երթերի բուն գաղափարին: Նա եւ ելույթ ունեցողներից եւս մի քանիսը… Բայց հատկապես նա: Կարծում եմ՝ այն, ինչ նա ասաց, խայտառակություն է մեր երկրի համար»,- ասել է Թրամփը:

 

Մադոննան, ելույթ ունենալով Վաշինգտոնում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ, անպարկեշտ արտահայտություններ է արել Դոնալդ Թրամփի հասցեին: Երգչուհին նրա երդմնատվության պահն անվանել է զարհուրելի: Բացի այդ, նա հայտարարել է, որ դեմոկրատների համար ընտրությունների անմխիթար արդյունքներից հետո իր գլխում Սպիտակ տունը պայթեցնելու մտքեր են ծագել:
Մադոննայի խոսքը խիստ քննադատության է արժանացել նույնիսկ Թրամփի հակառակորդների կողմից, եւ երգչուհին ստիպված է եղել բացատրել, որ «ինքը դեմ է բռնությանը, իսկ իր խոսքերը փոխաբերություն են եղել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: