Հայաստանում վերջին 3-4 ամսում մոտ 50 տոկոսով ավելացել է «Ինսթագրամ» հավելվածի օգտատերերի քանակը: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա' «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի շատ խիստ քաղաքականացումը հանգեցրեց օգտատերերի ակտիվության նվազմանը:

 

«Կա օգտատերերի բավականին մեծ զանգված, որը պարզապես դուրս է գալիս սոցցանցերից՝ խուսափելով քաղաքականությունից: Դա նկատվում է նախընտրական և հետընտրական փուլերում: Այս միտումն արդեն առկա է, քանզի վերջին 3 ամսում «Ֆեյսբուք»-ից օգտվողների աճ գրեթե չի գրանցվել»,-ասաց Մարտիրոսյանը և հավելեց, որ ներկայումս «Ֆեյսբուք»-ում գրանցված են մոտ 1 միլիոն մարդ:

 

Փորձագետի խոսքով, հակառակ «Ֆեյսբուք»-ի, «Ինսթագրամ»-ում օգտատերերի ակտիվությունը բավականին մեծացել է:

 

«Ներկայումս «Ինսթագրամ»-ում 300 հազար օգտատեր կա, և աճը դեռ շարունակվում է: Դա նրանից է, որ «Ինսթագրամ»-ը ապաքաղաքական հարթակ է, որից օգտվում են հիմնականում երիտասարդները»,- նշեց Մարտիրոսյանը: