«Մարաշլյան» լուսանկարչության կենտրոնի հրապարակած սևամորթ երիտասարդի հետ ամուսնացած հայ կնոջ և նրանց երեխայի ընտանեկան լուսանկարի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում (գրառումը՝ ստորև) էր կատարել Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցի շախմատի ուսուցիչ Լևոն Ստեփանյանը: Սակայն, ինչպես լուսանկարը, այնպես էլ ուսուցչի գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց՝ առաջացնելով տարակարծություններ:

 

«Գրառման մեջ չկա որևէ բան, որը թույլ կտա մեղադրանք ուղղել նրան: Ուսուցիչը պարզապես մեջբերումներ է անում հայտնի կենսաբանների, գենետոլոգների կարծիքն այն մասին, որ ռասսայական ամուսնությունները տանում են տեսակի թուլացման: Եվ կարծում է՝ ելնելով մեր ազգի փոքրաթիվությունից, ցանկալի է, որ այդպիսի ամուսնություններ չլինեն»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցի հետ զրույցում ասաց թիվ 52 դպրոցի տնօրեն Նարինե Շառյանը՝ ավելացնելով, որ ուսուցիչը ռասսայական խտրականության ոչ մի կոչ չի արել:

 

Հարցերին՝ պատրաստվո՞ւմ են աշխատանքից ազատել ուսուցչին և արդյոք կարգապահական տույժ ներկայացվե՞լ է, տիկին Շառյանը պատասխանեց.

 

«Չենք պատրաստվում ազատել աշխատանքից և ոչ մի կարգապահական տույժի չի ենթարկվել»:

 

Նարինե Շառյանի կարծիքով՝ եթե խոսվում է ազատ խոսքի մասին, ապա դա նրա տեսակետն է և իրավունք ունի արտահայտելու. «Նա ջերմ հայասեր է և մտահոգ է նրա տեսակի պահպանմամբ, եթե դա մեղք է՝ ի՞նչ ասեմ: Նա նման հարցեր չի քննարկում երեխաների հետ, ինչը մտահոգել է ոմանց: Շատ լավ ուսուցիչ է և հարգանք է վայելում»:

 

Հիշեցնենք՝ ուսուցչի գրառմանը հետևեցին մեղադրանքներ առ այն, որ վերջինս ռասսայական խտրականության կոչեր է հնչեցնում: ՀԱԿ համակիր Լիզա Ճաղարյանին ևս բարկացրել էր ուսուցչի գրառումը. նա նույնիսկ առաջարկել էր ստորագրահավաք կազմակերպել և պահանջել ուսուցչին ազատել աշխատանքից: Ըստ Լիզա Ճաղարյանի՝ ուսուցիչը ռասիստական գրառում է կատարել:

 

Գրառումն անտարբեր չթողեց նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ով ԿԳՆ Լևոն Մկրտչյանին հայտնել էր իր մտահոգությունն այն մասին, որ գրառում կատարողն ուսուցիչ է: ԿԳ նախարարը նշել է, որ հայ աղջկա և սևամորթ տղամարդու ընտանեկան լուսանկարի առնչությամբ աղմուկ բարձրացրած գրառումը մտահոգել է նաև իրեն: Այդ կապակցությամբ նախարարն օրեր առաջ նամակով դիմել է Երևանի քաղաքապետին և առաջարկել ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ՝ տվյալ ուսուցչի մանկավարժական գործունեությունն ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում՝ նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար: Միաժամանակ՝ նախարարն ընդգծել է, որ իրեն այդ պատմությունը խորը մտահոգություն է պատճառել ոչ միայն այն պատճառով, որ գրառման հեղինակն ուսուցիչ է, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, որտեղ սահմանադրորեն դատապարտվում են ռասսիզմը, այլատյացությունը, խտրականությունը:

 

Նշենք նաև, որ լուսանկարի վերաբերյալ սոցցանցերում բազմաթիվ ատելություն պարունակող մեկնաբանություններ են զետեղվել, ինչից հետո ընտանիքի անդամները խնդրել են լուսանկարչական կենտրոնին՝ հեռացնել լուսանկարը։

 

Ներկայացնում ենք Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցի շախմատի ուսուցիչ Լևոն Ստեփանյանի գրառումը.


«Չկա ոչինչ ավելի զզվելի, քան օտարամոլ և պացիֆիստ հայը։ Այդ տեսակը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, Մայր Թերեզայից ավելի «մարդասեր», և, երբ դա համեմված է մարտնչող տգիտությամբ ու իր «ես»-ի մասին խիստ բարձր կարծիքով, ապա ուղղակի պետք է դրանց դեմն առնել, որ չտարածվեն մեր ազգի գլխին։ Ինչ վերաբերում է նեգրերին (իրերը կոչենք իր անուններով, նեգրը դա ռասսա է, իսկ ով չի հասկանում, ուրեմն իր խնդիրն է) և խառնամուսնություններին, ապա՝ Վրեժ Շահրիմանյանը ճիշտ է ասում․- «Ինչպես ազգականների միջեւ, այնպես էլ գենետիկորեն խիստ տարբեր անձանց ամուսնությունն անհաջող է: Երեխաներն այդպիսի ընտանիքներում ունենում են շատ ավելի ժառանգական հիվանդություններ, հաճախ հետ են մնում ընդհանուր զարգացումից, քան իրենց տարեկիցները: Այդ ֆենոմենը բացատրվում է նրանով, որ խառն ամուսնություններում կայացած գենետիկ խումբը քայքայվում է, իսկ նոր խումբը կենսաբանորեն ավելի թույլ է, քանի որ հազարամյակների հղկման միջով չի անցել: Դրա հետեւանքով աճում են հիվանդությունները, երեխաների մահացությունն առավել շատանում է, իսկ կյանքի տեւողությունը՝ կրճատվում: Սեւամորթի ու սպիտակամորթի խառնուրդները ամենապայթունավտանգն են տարբեր հիվանդությունների համար: Դաժան բան եմ ասում, բայց իրականությունը այդ է, և գլխիս պոլիտկոռեկտություն չխաղաք։ Բնությունը և պատմությունը արդեն ապացուցել են, որ նեգրերը, որպես կանոն, ունակ են լավ անել երեք բան՝ երգել, պարել և զբաղվել սպորտով։ Դա ունի պարզ բացատրություն. նեգրերը ապրում են բնազդներով, իրենց մոտ զարգացած է մարմնի լեզուն, ինչը չես ասի իրենց մտավոր ընդունակությունների մասին։ Իրենք ունեն այն, ինչին արժանի են։ Մի փորձեք համոզել, որ նորմալ աչքով նայենք հայի և նեգրի խառնամուսնությունը։ Եթե օվերտոնյան ոճով քարոզչություն եք տարածում, ապա պատրաստ եղեք, որ լինելու է դրա հակազդեցությունը։ Եվ ընդհանրապես, իրավիճակը պատկերացրեք սեփական օրինակի վրա և հետո միայն սկսեք բողոքել»:

 

Սոնա Հարությունյան