Ցավոք, ուզենք, թե չուզենք, ստիպված ենք ամրագրել այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանում անխտիր բոլոր ընտրություններում կարևորագույն դերը վերապահվել է նորին մեծություն փողին. հենց դրամն է վճորոշ դերակատարություն ունեցել ընտրությունների վերջնարդյունքի ձևավորման հարցում: Ինչպե՞ս, շատ պարզ՝ «փող՝ ձայնի դիմաց» սկզբունքը երբեք չի կորցրել իր արդիականությունը: Ինչ վերաբերում է գներին, ապա այստեղ, պետք է նկատել, փոփոխական պատկեր է տիրել, ու, որպես կանոն, 5000-20000 դրամի միջակայքում է տատանվել 1 ձայնի արժեքը: Մի խոսքով՝ իսկական խայտառակություն, խայտառակություն, որի հետ, սակայն, հասարակությունը վաղուց էր հաշտվել՝ հասկանալով, որ թեպետ շատ դեպքերում հակառակ է գնում բարոյական նորմերին ու սեփական խղճի ձայնին՝ հարմարվողականություն դրսևորելով, սակայն այլ ելք ուղղակի չունի, ու ընտրությունների հետ կապված անհասկանալի պատմություններում միակ մնացող «քյարը» մի քանի օրվա հացի փող «կպցնելն» է՝ թեկուզ ձայնավաճառության գնով:

Բայց, ինչպես ասում են, ոչինչ այս արևի տակ հավերժական չէ, ու դատելով հասարակության ներսում օրըստօրե թափ հավաքող պրոցեսներից՝ արդեն իսկ հաստատապես կարելի է պնդել, որ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կոնկրետ իրավիճակ է փոխվել երկրում. փողի զոռով տոկոս խփելու պրակտիկան լրջագույն փորձության առջև է կանգնել:

Իշխանությունների համար անսպասելի այս փաստը, անկասկած, պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝ վերադառնալու ակտիվ քաղաքականություն՝ մի իրողություն, որը, կարելի է ասել, իսկական շոկի մեջ է գցել իշխող Հանրապետականին, ու սրանք, իրար խառնված, է՛լ չգիտեն՝ ինչ կամ ինչպես անել՝ իրավճակից ելք գտնելու համար: ՀՀԿ-ում շատ լավ են հասկանում, որ այս տարիների ընթացքում իրենց գրանցած հաջողությունների հիմքում ընկած է եղել այն պրոպագանդան, որը շարունակաբար իրականացվել է՝ ժողովրդի շրջանում անհուսություն սերմանելու նպատակով. իշխանություններն իրենց առջև մշտապես խնդիր են ունեցել՝ հասարակությանը համոզելու, որ ստեղծված իրավիճակից ելք իրականում չկա, օբյեկտիվորեն գոյություն ունենալ չի կարող, ուստի՝ միակ ձևը՝ կյանքից ինչ-որ կերպ գլուխ հանելու, մնում է միայն այն, ինչն իրենք են առաջարկում:

Իսկ հիմա, փաստորեն, պարզվում է՝ Ծառուկյանի վերադարձը մեծ հույսեր է արթնացրել ժողովրդի շրջանում ու ձևավորել մի մթնոլորտ, ուր ի սկզբանե բացառվելու է ընտրակաշառքի միջոցով ձայներ ստանալու իշխանական պրակտիկան. Գագիկ Ծառուկյանի օրեցօր բարձրացող քաղաքական վարկանիշը կասկածի տեղիք չի թողնում, որ ՀՀԿ վերարտադրության պրոցեսն այս անգամ լրջագույն արգելքի է բախվելու, ու այլևս հնարավոր չի լինլու համոզել, թե երկրում ստեղծված իրավիճակին այլընտրանք չկա, թե գոյատևման միակ բանաձևը սեփական արժեքներն առևտրի առարկա դարձնելն է:

Հանգամանքը, որ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքական ասպարեզ վերադարձը մեծ թվով մարդկանց խաղաքարտեր է իրար խառնել, հուշում է այն մասին, որ իրականում վերադարձն այդ պատասխանն է հասարակական այն սպասումների, որ ի սկզբանե եղել է ժողովրդի շրջանում: Իսկ ժողովրդի հետ, հասկանում եք, ՀՀԿ-ում առերեսվել ոչ բոլորը կարող են, ու դա հրաշալիորեն գիտակցում են նաև իրենք՝ իշխանություններն, ուստի՝ ջանում են անել ամեն ինչ, հորինել նոր գործիքներ՝ խուսափելու համար այն ճակատագրական առերեսումից, որ կարող է վերջինը դառնալ շատերի համար. երբ ժողովուրդը վերագտնում է հավատն առ սեփական ուժերը, նրա դեմ խաղեր տալը խիստ վտանգավոր է դառնում՝ հղի տհաճ հետևանքներով…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ