ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում նախատեսված են Վիգեն Սարգսյանի բանակցությունները ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ պաշտպանական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր :

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա նաև ԻԻՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, կայցելի տարբեր գիտահետազոտական և արդյունաբերական ձեռնարկություններ:

Թեհրանում գտնվելու ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի նաև Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: