Սոցիալապես անապահով ընտանիքների հունվար ամսվա համար նախատեսված նպաստի վճարումը կսկսվի փետրվարի 1-ից:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր ամսվա 1-8-ը մարզպետարանների տարածքային գործակալությունները ձևավորում են տվյալ ամսվա բազաները, փոխանցում կենտրոն, դրանից հետո համադրումներ են կատարվում տարբեր տեղեկատվական շտեմարանների հետ, ձևավորվում է տվյալ ամսվա վճարման բազան մինչև ամսի 14-ը, ինչից հետո ֆինանսավորման հայտ, ցուցակների տպագրություն և այլ գործընթացներ են տեղի ունենում, մոտավորապես ամսի 20-22-ից սկսվում են վճարումները: «Հաշվի առնելով այն, որ այս տարի առաջին աշխատանքային օրը հունվարի 9-ն էր, այդ 7-8 օրվա աշխատանքը տարածքային կենտրոնները կատարել են դրանից հետո: Յուրաքանչյուր տարի անապահով ընտանիքների հունվարի նպաստը տրվում է ամսվա վերջին կամ փետրվարի սկզբին»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ բոլոր գործակալություններն այս ընթացքում առավելագույն օպտիմալ ժամկետում իրականացրել են բոլոր գործընթացները, որպեսզի քաղաքացիներն օր առաջ ստանան իրենց հասանելիք վճարները:

 

Սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար կառավարությունն անցած տարի որոշում ընդունեց ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի միջին ամսական չափը բարձրացնել 1000 դրամով՝ դարձնելով 31 հազար 350 դրամ: