ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտային պարերի զարգացման, մասսայականացման և այս մարզաձևով զբաղվողների թվաքականի ավելացման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է msy.am-ը:

«Այս մարզաձևը կարևոր է երկու առումով, նախ՝ որպես բարձրագույն նվաճումների սպորտ և, իհարկե, որպես մասսայական սպորտ: Մեր նախարարությունն իր հնարավորության սահմաններում կաջակցի այս գեղեցիկ մարզաձևի զարգացմանը: Սպորտային պարերը ոչ միայն կոփում են մարզիկների մարմինը, այլ նաև զարգացնում են նրանց գեղագիտական և երաժշտական ճաշակը»,- ասել է նախարարը:

Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Մարկոսյանը նախարարին ներկայացրել է սպորտային պարերի 2017 թվականի ՀՀ առաջնության, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, ինչպես նաև տարվա ընթացքում կայանալիք միջազգային մրցումների ժամանակացույցը: Ֆեդերացիայի նախագահի խոսքերով՝ Հայաստանում այս մարզաձևով զբաղվում են տարբեր տարիքային խմբերի շուրջ 3000 մարզիկներ: Ֆեդերացիան մասնաճյուղեր ունի ՀՀ Երևան, Վանաձոր, Աբովյան, Էջմիածին, Չարենցավան և Եղվարդ քաղաքներում: «Երևանում գործում են 30-ից ավելի խմբակներ: Նախատեսում ենք մասնաճյուղեր բացել նաև Գյումրի, Արմավիր և Գավառ քաղաքներում»,- տեղեկացրել է Գ. Մարկոսյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային փորձի ուսումնասիրման և մեր երկրում դրա կիրառման անհրաժեշտությանը: Նախարար Ռոստոմյանը խնդրել է ներկայացնել միջազգային հեղինակավոր և փորձառու այն մարզչին, որին ֆեդերացիան նպատակահարմար է համարում հրավիրել Հայաստան՝ մարզչական սեմինար կազմակերպելու համար: «Իսկ ես կփորձեմ աջակցել ձեզ՝ այդ մարզչի այցելությունը կազմակերպելու հարցում»,- խոստացել է Հ. Ռոստոմյանը: