Ուկրաինայում պատերազմը նոր թափ է ստանում: Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ մարտերը չեն դադարում Ուկրաինայի արևելքում: Դոնեցկի բնակիչները զրկված են խմելու ջրից: Մարտական գործողությունների հետևանքով վնասված է ջրամատակարարման ամբողջ համակարգը: Արդեն երկու օր է՝մարտական թեժ գործողությունների հետևանքով Դոնեցկը զրկված է նաև էլեկտրականությունից: 

Ինչպես տեղեկացնում է Հակաահաբեկչական գործողության մամուլի կենտրոնը՝ Facebook-ի իր էջում, հակառակորդը շարունակում է ուկրաինական դիրքերի գնդակոծությունները Ավդեևկայում, Բուտովկա հանքի մերձակայքում, Մարյինկայում, Կրասնոգորովկայում, Նովոգրիգորովկայում՝ կիրառելով ռեակտիվ համակարգեր, տանկեր և հրետանի։

Միևնույն ժամանակ՝ Ուկրաինայում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում մասնավորապես ասվում է. «Մենք պահանջում ենք ՌԴ-ից՝ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի արեւելքում եւ հարգել հրադադարի ռեժիմը»:

Ուկրաինայի ՊՆ ներկայացուցիչը հայտնում է, որ երեկ՝ ժամը 20:00-ի դրությամբ՝ իրենց պաշտպանական ուժերն անցել են հարձակման, ինչի արդյունքում հակառակորդն ունի 10 զոհ և 15 վիրավոր: 

Ռուսական ТАСС լրատվականի հաղորդմամբ՝ Ուկրաինայի ՊՆ փոխնախարար  Իգոր Պավլովսկին խոստովանել է, որ ուկրաինական զինված ուժերը  պլանավորում են իրականացնել հատուկ ռազմական գործողություն՝ շեշտելով, որ վերջին օրերին կտրուկ սրվել է իրավիճակն՝ Ուկրաինայի տարածքում: 

Ըստ պաշտոնյայի՝ իրենք դիմել են հակառակորդ կողմին՝ ծանր հրետանին դուրս բերելու պահանջով, ինչը մինչ օրս չի իրականացել: 

Նշենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը իրավիճակը որակել է ծայրաստիճան լարված՝ կոչ անելով կողմերին՝ անմիջապես դադարեցնել կրակը: