Պետական գույքի կառավարման վարչության իրականացրած աշխատանքների հետևանքով երեք տնօրեն  հեռացվել է աշխատանքից, մեկն էլ դիմումը կներկայացնի մինչև օրվա վերջ: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցեց Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը:

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ դիմելով Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ հանձնարարել էր. «Մենք լիքը գույք ունենք, ինձ թվում է՝ որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում, ո՛չ տնօրեն ենք հանում, ո՛չ մի բան չենք անում: Չի՛ դզվելու դա: Չի՛ կարելի էլի էս ամեն ինչը հանդուրժել այսպես հանգիստ: Իսկ էն յառի պետական կառավարիչները, որ տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արման, էս ամսվա մեջ բոլորի ողնաշարը կջարդես: Կոռե՞կտ է ձևակերպված հանձնարարականս»:

 

Սակայն, նշենք, որ հենց վարչապետի որոշմամբ է Արմանը Սահակյանը գնացել արձակուրդ:

 

Մեզ հետ զրույցում Պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտա Սարգսյանը նշել էր, որ Արման Սահակյանի արձակուրդում գտնվելը դեռ չի նշանակում, որ դադարում է հիմնարկի գործունեությունը. «Թեև վարչության պետը արձակուրդում է, սակայն վարչությունը շարունակում է աշխատել և նրան փոխարինում է իր տեղակալ Աշոտ Մարկոսյանը»:

 

Անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ նշել էր, որ այդ խնդիրը լուծում է վարչությունը՝ կատարելով պետական բաժնեմաս-ընկերությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգ: Եվ դրանց արդյունքների ուսումնասիրության, համադրման և վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ կան ընկերություններ, որոնք արդյունավետ չեն գործել. «Այժմ աշխատանքներ են իրականացվում շատ արագ նման ընկերությունները բացահայտելու, պատճառները հասկանալու և մեղավորներին պատժելու ուղղությամբ»:

 

Սոնա Հարությունյան